Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայս. «Ռուսաստանը ինքն իրեն դատապարտել է մեկուսացման»


Վրաստանի դեմ իր գործողություններով Ռուսաստանը ինքն իրեն դատապարտել է մեկուսացման: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Վաշինգտոնի German Marshall Fund հիմնադրամում երեկ ունեցած ելույթում:

Նա կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պետք է միասնաբար հակազդեն Ռուսաստանի գործողություններին:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ` նպաստել մոլորությանը, որով կարծես համակված է Ռուսաստանի իշխանությունների մի մասը. որ եթե ուժեղ ճնշում գործադրի ազատ երկրների վրա, սպառնա, վախեցնի, հարձակվի, ապա մենք, վերջ ի վերջո, կզիջենք ու կհանձնվենք», - ասել է Ռայսը:

Պնդելով, որ Ռուսաստանը նավթը եւ գազն օգտագործում է որպես քաղաքական ճնշում գործադրելու միջոց, Ռայսը Եվրոպային կոչ է արել աշխատել Միացյալ Նահանգների հետ` դիմադրելու համար էներգետիկ ռեսուրսների միջոցով իր ազդեցությունը տարածելու Ռուսաստանի փորձերին: Նա հորդորել է նախկին խորհրդային երկրներին միանալ` ցույց տալով իրենց անկախությունը:

«Միացյալ Նահանգները եւ Եվրոպան խորացնում են էներգետիկ անկախության մեծացմանն ուղղված համագործակցությունը` աշխատելով Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Կասպյան երկրների հետ: Մենք ընդլայնում ենք բաց գլոբալ էներգետիկան տնտեսությունում եւ այն պաշտպանելու ենք արատավոր պրակտիկայից: Չի կարող լինել կանոնների մի համակարգ` Ռուսաստանի եւ գործընկերների, եւ մեկ այլ համակարգ` մնացածների համար», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Նշելով, որ Ռուսաստանի գործողությունների պատճառով կասկածի տակ է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը նրա անդամակցությունը, Ռայսը հավելել է. - «Իր ներուժը լիարժեք իրացնելու համար Ռուսաստանը պետք է լիարժեք ինտեգրվի համաշխարհային քաղաքական եւ տնտեսական կանոններին»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը` ԱՄՆ-ի պետքարտուղարը շեշտել է, որ պաշտոնական Մոսկվայի օրինակին հետեւել են միայն Նիկարագուան եւ պաղեստինյան ռազմականացված «Համաս» խմբավորումը. - «Ռուսաստանը քիչ աջակցություն գտավ իր գործողություններին: [Նիկարագուայի նախագահ] Դանիել Օրտեգայի եւ «Համաս»-ի աջակցությունը ստանալը դիվանագիտական հաղթանակ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG