Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը 2 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն է տրամադրում Հայաստանի իրավական համակարգին


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը այսօր ստորագրեցին համաձայնագիր, որով ԱՄՆ-ի կառավարությունը ավելի քան 2 մլն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը` իրավական համակարգում մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Ըստ Աղվան Հովսեփյանի, լրացուցիչ ֆինանսավորումը հատկապես կնպաստի Փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական լաբորատորիան «բարձրագույն տեխնիկական միջոցներով հագեցնելուն»:

«Կան բազում փորձաքննություններ, որոնց մեթոդիկան դեռ չունեն, եւ չեն կարող դա իրականացնել, բայց այն փորձաքննությունները, որոնք իրենք իրականացնում են, շատ հարցերում իրոք հասել են կատարելության` հենց տրամադրված տեխնիկական աջակցության շնորհիվ», - հավելեց Հովսեփյանը:

Պատասխանելով լրագրողների` մարտի 1-ի իրադարձություններից հետո միջազգային փորձագետներին քննության մեջ ներգրավելուն վերաբերող հարցին, Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Փենինգթոնը ասաց, թե «քննարկումներ եղել են եւ այսօր էլ շարունակվում են»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG