Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյան. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լավ նախադրյալներ կան»


Խոսել Հայաստանի վրա Թուրքիայի հնարավոր ազդեցության մասին` ակնհայտ չափազանցություն է: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, համաձայն որի` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում եւ Հայաստանին օգնել հանդես գալ ավելի ճկուն դիրքերից:

«Եթե հավատանք ադրբեջանական լրատվամիջոցների մեջբերումներին, ապա ամենայն հավանականությամբ, պարոն Բրայզան սխալմամբ Ադրբեջանի փոխարեն օգտագործել է Հայաստանի անունը, քանզի Թուրքիան իր ազդեցությունը կարող է օգտագործել Ադրբեջանի դիրքորոշումը առավել ճկուն դարձնելու համար, ելնելով այն իրողությունից, որ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ղեկավարները, բնութագրելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները, բազմիցս այն բնորոշել են «մեկ ազգ` երկու պետություն» բանաձեւով», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Շվեյցարիայում հայ եւ թուրք դիվանագետների հանդիպման մասին լուրերի հավաստիության վերաբերյալ Նալբանդյանը ասել է. - «Հայ եւ թուրք դիվանագետների շփումներ միշտ էլ եղել են, եւ որեւիցե արտառոց բան չկա այդ հանդիպումների մեջ»:

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի միջնորդությամբ Նյու Յորքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հնարավորությանը անդրադառնալով` Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ դեռեւս սեպտեմբերի սկզբին Երեւանում Ալի Բաբաջանի հետ պայմանավորվել է հանդիպել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

«Պարոն Բաբաջանը առաջարկել է հանդիպում կազմակերպել նաեւ եռակողմ ձեւաչափով: Ես դեմ չեմ նման հանդիպման կազմակերպմանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Նյու Յորքում Ալի Բաբաջանի հետ իր հանդիպման ժամանակ ստորագրվելիք փաստաթղթերի մասին թուրքական մամուլի հաղորդագրությունների իսկության առնչությամբ Նալբանդյանը ասել է. - «Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանձնարարությամբ, Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանի հետ անցկացված բանակցությունների արդյունքում մենք` երկու արտգործնախարարներս, հայտնեցինք երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մեր վճռականության մասին եւ փորձում ենք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հուսով եմ, որ մենք կգնանք այդ ճանապարհով առանց միմյանց առջեւ արհեստական խոչընդոտներ ստեղծելու»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության մասին խոսակցություններին, ապա, ինչպես ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը, «Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը»:

«Հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա եւ այդ ձեւաչափում: Կարծում եմ, այսօր լավ նախադրյալներ կան հիմնախնդրի կարգավորման համար, ինչը բոլոր երկրների համար տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG