Մատչելիության հղումներ

Այսօր` Ազգային ժողովի արտահերթ նիստ


Այսօր ժամը 12:00-ին գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Համապատասխան որոշումը երեկ ստորագրել է խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող նիստի օրակարգում ընդգրկված են փոփոխություններ եւ լրացումներ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Մաքսային ծառայության մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ մի շարք այլ օրենքներում: Նախագծերի մեծ մասը արդեն քննարկվել է խորհրդարանի նախորդ նիստերում եւ կդրվի քվեարկության:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Տիգրան Թորոսյանի հրաժարականը ե՞ւս կներկայացվի այսօրվա նիստում, Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Բնական է, այս պահին որեւէ առնչություն չունեմ, որ պատասխանեմ: Դա արդեն Տիգրան Թորոսյանին պետք է հարցնել` իր կամքի խնդիրն է»:

Երեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարելով հրաժարականի իր որոշման մասին` Տիգրան Թորոսյանը ասել էր, որ կներկայացնի դիմումը Ազգային ժողովի նիստը վարողին, սակայն չէր նշել, թե կոնկրետ երբ:

«Ուզում եմ հիշեցնել Ազգային ժողովի կանոնակարգի 20-րդ հոդվածը` այն, իհարկե, չի նշում, թե երբ, բայց ասում է հետեւյալը. Ազգային ժողովի նախագահը, եթե հրաժարական է տալիս, հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Ես դիմումը գրել եմ` բնականաբար, կներկայացնեմ նիստը վարողին», - հայտարարել էր Թորոսյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG