Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ովքե՞ր առավելագույն ներդրում ունեցան Հայաստանի անկախության, հայրենիքի պաշտպանության, պետականության հիմնադրման գործում, ի՞նչ ճակատագրերի արժանացան նրանք եւ ովքե՞ր են այժմ վայելում նրանց պայքարի պտուղները: Ամեն տարի սեպտեմբեր 21-ի նախօրյակին այս հարցերն են արծարծվում քաղաքական եւ ապաքաղաքական շրջանակներում», - գրում է «Տարեգիր»-ը: - «Իշխանությունը ջանք չի խնայում իրականությունը վարդագույն ներկայացնելու, երկրում առկա թերությունների դեմ իբր պայքարելու, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու վերաբերյալ խոստումներ շռայլելիս: Մինչդեռ այդ իրականությունը շատերը տեսնում են այլ կերպ: Ամենապարզամիտ մարդն անգամ գիտակցում է, որ հնազանդ, վախեցած, նվաստացած լինելը անհարիր է անկախ եւ ազատ պետության քաղաքացու կարգավիճակին»:

«Ամբողջ աշխարհը տնտեսական ճգնաժամի մեջ է, բայց դա Հայաստանի հեչ վեջն էլ չէ: Պաշտոնական վիճակագրությունը շարունակում է տնտեսական երկնիշ աճեր ցուցադրել, եթերը լեցուն է մեր աննախադեպ հաջողությունների մասին ռեպորտաժներով», - ներկայացնում է «Հայկական ժամանակ»-ը` ուրվագծելով. - «Մի խոսքով, Հայաստանը մի կղզյակ է, որը զերծ է համաշխարհային տնտեսական ճգնաժամերից»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ Վճռաբեկ դատարանում ներկայացնելով դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանին, Սերժ Սարգսյանը մի հոյակապ ճառ է ասել. «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր երկրում դատարանը լինի անկախ, եւ դատավորը` անաչառ»: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ մեր երկրում դատական համակարգի կայացմանը, անկախությանը խանգարող մի հանգամանք կա` քաղաքական պատվերը, որը դատարանները ստանում են գործադրի տարբեր օղակներից: Պատվերով սանկցիա տված դատավորը հաջորդ գործը ըստ սեփական հայեցողության քննելու ինդուլգենցիա է ստանում, որտեղ էլ սկսում է աշխատել փողը... Այնպես որ, մեր դատարանները հիմնականում աշխատում են երկու սկզբունքով` փող շինելու եւ վերեւից եկող պատվերը սրբորեն կատարելու: Արդար վճիռների, անաչառ արդարադատություն իրականացնելու համար պարզապես տեղ չի մնում»:

«Հայք»-ն արձագանքում է. - «Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը այս հայտարարություններն անում է ուղղակի լսարանին դուր գալու եւ իմիտացիա ստեղծելու նպատակով: Իսկ եթե նա իսկապես որոշել է պայքարել անպատժելիության եւ ամենաթողության դեմ, ապա նախ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, կարճվեն նրանց դեմ հարուցված կեղծ քրեական գործերը: Պետք է կտրուկ փոխվեն դատավարության անվան տակ ընթացող թատերական միջոցառումները եւ իրականացվի իսկական արդարադատություն»:

«Սկզբում նախագահական ցախավելի հարվածի տակ ընկավ գլխավոր հարկահան Վահրամ Բարսեղյանը, այժմ էլ նույն բախտին արժանացավ եւ գլխավոր դատավոր Հովհաննես Մանուկյանը», - ներկայացնում է «Իրավունք»-ը: - «Դատական համակարգի հայտնի թերությունները միակ դրդապատճառը չէին Հովհաննես Մանուկյանին «վաստակած հանգստի» ուղարկելու համար: Նա, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն մնացած ազդեցիկ կադրերից մեկն էր, եւ կադրային այս փոփոխության միջոցով ՀՀ նախագահը եւս մեկ քայլ կատարեց իշխանական բուրգում իր դիրքերը հիմնովին ամրապնդելու համար»: «Չորրորդ իշխանություն»-ում ձեւակերպված է. - «Հայաստանն ունի ոչ թե դատական համակարգ, այլ պատժիչ ստորաբաժանում»:

«Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի գործունեությունից շատերն էին դժգոհ։ Եվ դժգոհություններն այդ ամենեւին էլ հիմնազուրկ չէին», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ Բացասական գործունեության եւ բնորոշումների մի շարք ներկայացնելով, թերթը նաեւ գրում է. - «Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Մանուկյանն ապրել է ցոփ կյանքով, ինչը նույնպես անհարիր է դատավորի բարոյական նկարագրին, օրենսդրորեն ամրագրված վարքականոններին։ Նա հաճախակի կատարել է արտասահմանյան թանկարժեք ուղեւորություններ (կառնավալը դիտելու համար Բրազիլիա եւ այլն)։ Վերջին մասնավոր ուղեւորությունը, որը հավանաբար դարձյալ ունեցել է վայելքների նպատակ, կատարել է հրաժարականի դիմումից գրեթե անմիջապես առաջ, անցած ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին։ Ընդ որում, Ռուսաստան է մեկնել աշխատանքը լքելով, բացակայելով նաեւ շաբաթ օրը, որը, ինչպես հայտնի է, աշխատանքային էր հայտարարված»։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայոց Աշխարհ»-ում վերլուծում է. - «Եթե ընդդիմությանը չհաջողվի առճակատման հզոր ալիք ստեղծել, ինչը քիչ հավանական է, ամեն ինչ կլինի ինչպես միշտ նման դեպքերում։ Այսինքն՝ կլինեն մարդկանց խմբեր, որոնք քննադատում են իշխանություններին։ Այդ խմբերը միավորված կլինեն մեկ ընդհանուր «ցանցի» մեջ, կշարունակեն պայքարը «ռեժիմի» դեմ, բայց այդ մարդկանց ներուժը բավարար չի լինի հեղափոխություն անելու համար։ Ավելին՝ նրանց թիվը գնալով կնվազի, եւ նրանք չեն կարող անել ավելին, քան մինչեւ հիմա կարողացել են անել»։

«Առավոտ»-ի խմբագիրը ենթադրում է, որ «հաջորդ խորհրդարանական ընտրություններին ներկայիս ընդդիմությունն ակտիվ մասնակցություն կունենա եւ զգալի հաջողությունների կհասնի». - «Դա, իհարկե, կամրապնդի ԱԺ-ի վարկը որպես լուրջ քաղաքական մարմնի: Բայց 3,5 տարի ձեռքերը ծալած նստելը եւ «բանականության ռեզերվները» չօգտագործելը անթույլատրելի շքեղություն կլիներ»:

Նույն թերթի հարցազրույցում Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ընդդիմության եւ իշխանությանը խորհուրդ տալով համագործակցության եզր գտնել, նշում է. - «Որովհետեւ, եթե անգամ այսօր լինեն արտահերթ ընտրություններ, որեւէ երաշխիք չկա, որ արդար ընտրություններ կլինեն»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG