Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը պաշտպանում է Ազգային ժողովի նախագահի փոփոխությունը


Իշխող կոալիցիայի մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամը պաշտպանում է Ազգային ժողովի խոսնակի փոփոխությունը եւ հերքում, թե Դաշնակցությունը տարաձայնություններ ունի կոալիցիոն գործընկերների հետ:

ՀՅԴ բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Ազգային ժողովի նախագահի փոփոխության վերաբերյալ, դա կապեց 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանի դերի բարձրացումը իրականում կյանքի կոչելու նպատակի հետ:

«Սակայն այդ հակակշիռ լինելու իրավասությունից օգտվելու համար պետք էր երկու էլեմենտ` Ազգային ժողովի մասնագիտական որակ եւ Ազգային ժողովի վճռական եւ խիզախ նախագահ», - պարզաբանեց նա` շարունակելով. - «Այս էլեմենտներից մեկը նախագահը համարում է, որ անհրաժեշտ է բարելավել: Եվ այս առումով, անշուշտ, այո, ճշմարտություն կա... Անհրաժեշտ է վճռականություն եւ Ազգային ժողովը գործադիր իշխանության նկատմամբ իր անկախությունը վերանվաճելու կամք»:

Հարցին, թե արդյո՞ք Դաշնակցությունը ուզում է Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել քաղաքական ասպարեզ, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ռոբերտ Քոչարյանը ինքնուրույն քաղաքական դեմք է: Երբ կորոշի վերադառնալ քաղաքականություն, կվերադառնա: Այդ ժամանակ էլ կխոսենք: Նման օրակարգ` որեւէ մեկին բերելու, որեւէ մեկին արտաքսելու քաղաքականությունից, մենք չունենք»:

Հարցին, թե արդյո՞ք Դաշնակցությունը տարաձայնություններ ունի կոալիցիոն գործընկերների հետ հայ-թուրքական հարաբերությունների առումով` նկատի ունենալով Դաշնակցության բողոքի ակցիաները Աբդուլա Գյուլի Երեւան ժամանելու կապակցությամբ, Վահան Հովհաննիսյանը արձագանքեց, թե սխալ է տպավորությունը, թե Հայաստանում ամեն ինչ արվում է «դաբրո»-ով: Դաշնակցությունը, նրա խոսքով, իրականում անում է այն, ինչ ուզում է, եւ դա որեւէ մեկի հետ չի համաձայնեցնում:

Հովհաննիսյանը սխալ է համարում այն, որ Հայաստանի այդ նախաձեռնությունից այսօր Թուրքիան ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ է շահում, քան Հայաստանը:

«Ես կարծում եմ, որ դա հաճախակի նկատվող մեր դիվանագիտական պասսիվության արտահայտությունն է: Մենք նման բաներ շատ ենք տեսել», - հավելեց նա:

Դաշնակցության ղեկավարները, իհարկե, կոալիցիոն գործընկերների հետ քննարկում են այս հարցերը, բայց, Վահան Հովհաննիսյանի կարծիքով, սրանք ավելի շատ Ազգային անվտանգության խորհրդին վերաբերող թեմաներ են:

«Եթե քաղաքական ուժերը տեսնեն, որ այս հարցերի վերաբերյալ կոալիցիայի ներսում չի առաջանում ընդհանուր մոտեցում, բնականաբար, սրանից կարվեն հետեւություններ: Բայց ես պետք է ասեմ ձեզ, որ նման խնդիր դեռեւս չկա», - եզրափակեց նա:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG