Մատչելիության հղումներ

Վարդան Բարսեղյան. «Խուսափել Կովկասում նոր տառապանքներից»


Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը հոդված է հրապարակել ամերիկյան ամենահեղինակավոր հանդեսներից մեկում՝ Wall Street Journal-ում:

Հոդվածում մասնավորապես ասվում է. - «Անցած ամիս Հարավային 0սիայում քաղաքացիական բնակչության անխնա հրետակոծությունը մեզ՝ Կովկասում ապրողներիս ստիպել է վերհիշել 90-ականների սկզբին մոլեգնող պատերազմները:

Ինչպես Wall Street Journal-ի օգոստոսի 19-ին «Կովկասն այրվում է» վերնագրած խմբագրականում արդարացիորեն գրել է Թոմաս Դե Վաալը, եթե Լեռնային Ղարաբաղում սկսվի նոր պատերազմ, իմա՝ եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա, դա կարող է պատճառել ավելի մեծ տառապանքներ եւ տարածաշրջանային ապակայունացում, քան մենք տեսանք Վրաստանում:

Եթե անցյալ ամսվա ողբերգությունը դաս է դառնալու միջազգային համայքի համար, ապա հուսով ենք տեսնել նպատակաուղղված դիվանագիտություն, որը կզսպի Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, պետք է լինի պաշտոնական մակարդակով թշնամանք սերմանելու գործելակերպի դատապարտում, պետք է իրագործվեն հրադադարի ամրապնդմանն ուղղված ներկայիս համաձայնագրերը: Այս քայլերը կարող են մեր տարածաշրջանն ուղղել ապառազմականացման եւ խաղաղության ճանապարհով:

Իմ երկիրը բազմիցս առաջարկել է Ադրբեջանին հավատարիմ լինել ուժի չկիրառման քաղաքականությանը եւ իրագործել վստահության կառուցմանն ուղղված քայլեր թե' շփման գծում եւ թե' ավելի լայն իմաստով՝ երկու հանրությունների միջեւ: Ադրբեջանը շարունակում է մերժել այդ քայլերից որեւէ մեկը՝ նույնիսկ բնական աղետների դեմ պայքարի բնագավառում:

Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները կիսում է մեր տեսակետն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ եղանակով: Ցանկացած կարգավորում արդյունավետ կլինի, եթե հստակ արտահայտի առկա իրողությունները եւ հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի վրա: Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները եւ միջազգային միջնորդները բաց չեն թողնի այդ հնարավորությունը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG