Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Բաղդասարյանը «բացարձակապես անհիմն» է համարում Տեր-Պետրոսյանի գնահատականները


Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «բացարձակապես անհիմն» է համարում Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականները:

Հանրահավաքի իր ելույթում ընդդիմության առաջնորդը ասել էր, թե Հայաստանում «իշխանական բուրգը սկսել է ճաքեր տալ, քանի որ սկսվել է հարստության եւ իշխանական լծակների վերաբաժանման գործընթաց»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ինչպես այդ պնդումը, այդպես էլ բազմաթիվ այլ պնդումներ իրականության հետ որեւիցե առնչություն չունեն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արթուր Բաղդասարյանը` փաստարկելով. - «Որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունի ընդհանրապես առաջ գնալու մի կարգախոս` դա չարությունն է, դա մարդկանց անվանարկելն է` ընդունելի եւ չընդունելի բոլոր միջոցներով»:

«Հայաստանի Հանրապետությունում այսօր իշխանության համակարգը առավել քան կուռ է, միասնական», - շարունակեց նա: - «Նույն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքների դինամիկան... ցույց է տալիս, որ հանրահավաքներին մասնակցող մարդկանց թիվը ամեն անգամ կրճատվում է: Եվ սա փաստ է, փաստ, որի հետ պետք է այդ մարդիկ հաշվի նստեն»:

Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, Հայաստանում այսօր ձեւավորված «կուռ, միասնական թիմը» ի վիճակի է երկրում իրականացնել «համարձակ եւ հավակնոտ բարեփոխումներ»:

«Իբրեւ մի մարդ, որը նաեւ ամենօրյա շփումների մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետություն նախագահի հետ, ես կարող եմ ասել, որ ի դեմս Սերժ Սարգսյանի մենք ունենք փորձաշատ եւ հավասարակշռված երկրի ղեկավար, թիմային աշխատանքի հակված առաջնորդ», - ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե որքանով էին համաչափ ոստիկանության գործողությունները մարտի 1-2-ին եւ արդյո՞ք իր համար տարօրինակ չէ, որ 10 սպանությունների գործով մինչեւ այսօր որեւէ մեկին մեղադրանք չի ներկայացվել, Արթուր Բաղդասարյանը ձեռնպահ մնաց իրավապահների գործողությունները գնահատելուց, իսկ զոհերի կապակցությամբ ասաց, որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները եւ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը հույս հայտնեց նաեւ, որ ստեղծվելիք նոր փաստահավաք խումբը կկարողանա հանրային վերահսկողության պայմաններում փաստեր հավաքել այդ դեպքերի վերաբերյալ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում իր առաջին ասուլիսում Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին անվտանգության ֆորմուլան` ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի հետ, խորացված համագործակցությունը Եվրամիության հետ եւ գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Արթուր Բաղդասարյանն ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նախագահ Գյուլի այցից հետո մեր տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել:

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերով, «մեր հարեւաները մեր հակառակորդները չեն» եւ «Հայաստանը պետք է աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատի իր հարեւանների հետ»: Սա, ըստ Արթուր Բաղդասարյանի, Հայաստանի արտաքին քաղաքականության նոր կարգախոսներից մեկն է:

Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում դառնում է միջնորդ, ապա «Օրինաց երկիր»-ի ղեկավարը հետեւյալ կերպ հակադարձեց դրանց. - «Թուրքիան երբեք չի կարող դառնալ միջնորդ, մանավանդ որ նման հարցադրում չի էլ եղել: Հայաստանը պաշտպանել եւ պաշտպանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այլ խնդիր է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը արտահայտել է ցանկություն` աջակցելու խնդրի կարգավորմանը... Աջակցությունը եւ միջնորդությունը դրանք բոլորովին տարբեր առաքելություններ են»:

Բաղդասարյանն ասաց, որ այժմ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում Թուրքիայի հետ սահմանի վերաբացման, ինչպես նաեւ դրա հնարավոր դրական եւ բացասական հետեւանքների հետ կապված:

«Մենք այսօր վստահաբար կարող ենք ասել, որ սահմանի վերաբացումը շատ ավելի մեծ դրական դիվիդենտներ է բերելու Հայաստանի Հանրապետությունը, մեր տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսության աշխուժացմանը, քան դրա որոշ հնարավոր բացասական միտումները», - հայտարարեց նա:

Անդրադառնալով ռուս - վրացական հակամարտությանը, Հայաստանի անվատգության խորհրդի քարտուղարն ասաց, որ այդ ընթացքում Հայաստանի իշխանությունները կարողացան ցուցաբերել հավասարակշիռ կեցվածք, եւ չնայած այդ պատերազմական գործողությունների արդյունքում Հայաստանը շուրջ 680 միլիոն ամերիկյան դոլարի վնաս կրեց, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին հաջողվեց երկիրը զերծ պահել ցնցումներից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG