Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը, անդրադառնալով Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հրաժարականին, մի շարք հարցեր է բարձրացնում` մասնավորապես, գրելով. - «Այդ ի՞նչ անհաղթահարելի տարաձայնությունների մասին է խոսքը։ Ե՞րբ առաջացան տարաձայնությունները քաղաքական կյանքին առնչվող շատ խնդիրների վերաբերյալ։ Որո՞նք են այդ խնդիրները։ Ինչո՞ւ էր Թորոսյանը լռում մինչ օրս։ Համաձայնեք, նման իրավիճակում նորմալ մարդը գոնե ծվծվոցով կարտահայտեր անհամաձայնությունը։ Իսկ գուցե «անհաղթահարելի տարաձայնություններն» ի հայտ եկան միայն նրանից հետո, երբ ՀՀԿ-ն որոշեց խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրել մեկ այլ գործչի՞։ Դե ուրեմն սա այն դեպքն է, որին առավել համապատասխանում է փիլիսոփայական միտքը` «Այսպիսին է կյանքը»։ Այդպես ստացվեց. մի՞թե արժե այդ պատճառով ժավել խմել։ Եվ առավել եւս՝ քեզ Դանկոյի տեղը դնել։ Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ նույնիսկ Դանկոյի մասին գեղեցիկ, չափազանց գեղեցիկ այլաբանական հեքիաթում նրա բոցավառ սիրտը, լուսավորելով խավարից ելնել փորձող մարդկանց ուղին, կոխկրտվեց փրկվածներից մեկի կողմից՝ մնացածների, արդյո՞ք ոչ խրախուսիչ լռության ներքո»։

Նույն թեմայով «Տենդենց, թե բացառություն» վերնագրի ներքո «168 ժամ»-ը գրում է. - «Տիգրան Թորոսյանը թեեւ առաջինը դուրս եկավ ՀՀԿ-ից, սակայն չի բացառվում, որ նա վերջինը չէ: Որքան էլ Էդուարդ Շարմազանովը հիշատակի Թոմաս Մորին, միեւնույն է, «ծուխն առանց կրակի չի լինում»: Եվ դրա համար պատճառներ կան: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի պայմանների համար ՀՀԿ-ն չափազանց մեծ կուսակցություն է դարձել: Սակայն այդքան պաշտոն չկա: Իսկ որ շատերը հենց պաշտոնի համար են կուսակցության անդամ դառնում, երկու օր առաջ Տիգրան Թորոսյանն էլ իր օրինակով ապացուցեց: Որովհետեւ, չգիտես ինչու, «ներկուսակցական տարաձայնություններն» առաջացան միայն այն պահին, երբ նրանից պաշտոն էին խլում»:

«168 ժամ»-ը հարցազրույց է հրապարակել նաեւ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ, ով 2008 թվականի մայիսին հրաժարվեց պատգամավորական մանդատից: Լրագրողի հարցին` «համաձայն եք, որ Ազգային ժողովի պատգամավորը իրականում որեւէ դերակատարություն կամ ֆունկցիա չունի», Վահե Հովհաննիսյանը պատասախանել է. - «Պատգամավոր լինել-չլինելն իմ եւ խորհրդարանի կյանքում, ըստ էության, ոչինչ չի փոխում: Պատգամավորի ֆունկցիան այսօր, ցավոք (չնչին բացառություններով), կոճակ սեղմելն է, թելադրված հայտարարություն կարդալը, ինստրուկտավորված հեռուստաեթերները եւ այլն: Կանես դու, թե կանեն մյուսները` չկա ոչ մի տարբերություն: Այլ հարց է, որ կարող ես նաեւ չանել: Ես որեւէ կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ պատգամավորը մի խնդրի վերաբերյալ (ընդ որում` պարտադիր չէ` քաղաքական) ունենա մի կարծիք, որը միջանցքներում կամ աշխատասենյակում բոցաշունչ պաշտպանում է, բայց երբ կառավարությունը բերում է տրամագծորեն հակառակ օրինագիծը, նույն բոցաշնչությամբ արդեն ԱԺ-ի ամբիոնից պաշտպանում է այդ հակառակ տեսակետը, կողմ քվերակում, իսկ հետո ասում` «էս մեզ ինչ օրն են գցում»»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ` նախկին արտգործնախարար եւ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի մասով մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել գործի ծավալի սրբագրմամբ: Հիշեցնելով, որ «երբ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Արզումանյանին մեղադրանքներ առաջադրվեցին, նրա մասով անջատված քրեական գործը միացվեց 2007 թվականի մայիսի 10-ին Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված մեկ այլ քրգործի` «փողերի լվացման» մեղադրանքով», թերթը տեղեկացնում է. - «Սակայն գործը դատարան ուղարկելուց առաջ այս մեղադրանքը կրկին որոշվել է առանձնացնել` այդ մասով նախաքննությունը շարունակելու պատճառաբանությամբ»:

«Ավելի կայծակնային նշանակում դժվար է պատկերացնել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկմանն ու նոր նախագահ Արման Մկրտումյանի նշանակմանը: Թերթի` դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ, Մանուկյանի պաշտոնավարման վրա սեւ ամպերը սկսել են կուտակվել դեռեւս մարտի կեսերից. - «Երբ այն ժամանակ նախագահականում քննարկել են մարտի 1-ի քրեական գործերի ճակատագիրը, մի անգամ Մանուկյանն անզգուշություն է ունեցել եւ ասել է, որ այդ գործին քաղաքական լուծում պետք է տրվի, քանի որ այն քաղաքական է, իսկ դատարաններ ուղարկելը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ եւ քայքայել Հայաստանի դատական ողջ համակարգը»:

«Վերջին շրջանում կարծես թե լավատեսության մի քող է իջել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա», -
գրում է «ժամանակ Երեւան»-ը: - «Հատկապես Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցելությունից հետո: Տպավորությունն այն է, որ Գյուլը մինչեւ հիմա գիտեր, թե ինչպես կարգավորել ղարաբաղյան խնդիրը, բայց ոչ մեկին չէր ասում, որպեսզի այն ժամանակից շուտ չդառնա հանրահայտ, եւ չստացվի, որ ինքը դատարկ ձեռքով է գալիս Հայաստան: Իսկապես, օրիգինալ քայլ է. հյուր գնալիս, եւ այն էլ առաջին անգամ, տանել ոչ թե բոնբոներկա կամ կոյնակ, որով, իհարկե, հայերին չես զարմացնի, այլ` հակամարտության կարգավորման տարբերակ: Համենայնդեպս, դժվար է այլ կերպ բացատրել այն, որ Աբդուլա Գյուլի Հայաստան կատարած կարճատեւ այցից հետո ավելի շատ ոչ թե հայ-թուրքական հարաբերության հեռանկարի մասին է խոսվում, այլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG