Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, վերջին իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ: Նրանց խոսքով, Վրաստանում տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհների կենսական անհրաժեշտությունը:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան, կարեւորելով Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգության գործում, նշել է, որ Եվրատլանտյան դաշինքն ակնկալում է ակտիվ համագործակցություն` ապահով անվտանգության միջավայր ստեղծելու համար:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունը»:

Նշելով, որ ինքը երկխոսության կողմնակից է, եւ վստահ է, որ դրա առկայության պարագայում կարելի է քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենադժվար հարցերը, Սերժ Սարգսյանն ասել է. - «Մեր նպատակն է Թուրքիայի հետ հաստատել ռացիոնալ, տրամաբանված, այսօրվա քաղաքակիրթ աշխարհին հարիր հարաբերություններ, որպեսզի տարածաշրջանում լինի կայունություն, եւ համագործակցությունը դառնա մեր ժողովուրդների բարեկեցության աղբյուր»:

Այսօր ավելի վաղ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Խոսե Լելյոն եւ վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսը հանդիպում էին ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG