Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ


Լոնդոնում տեղակայված Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ: Համաշխարհային էներգետիկ արդյունաբերության եւ հաստատությունների երեւելի ներկայացուցիչներից կազմված նորաստեղծ մարմնի կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում` Համաշխարհային տնտեսական ֆորումում, եւ նպատակ ունի ուսումնասիրել, վերլուծել ու հետազոտել ոլորտի վճռորոշ եւ հրատապ խնդիրները` համաշխարհային կտրվածքով:

Eurasia House International-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունը հավելում է, որ խորհրդի հիմնադիր գագաթնաժողովը կգումարվի գալիք նոյեմբերին Դուբայում:

Ներկայացնելով Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նպատակները` Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր նախագահ եւ հիմնադիր Կլաուս Շվաբը ասել է. - «Համաշխարհային օրակարգով խորհրդի ստեղծումը նշանակալի հանգրվան է Համաշխարհային տնտեսական ֆորումի առաջընթացի ճանապարհին` դառնալու աշխարհում մատչելի գիտելիքի ինտեգրողը, կառավարողը եւ տարածողը»:

Անդրադառնալով առաջիկա մեծածավալ աշխատանքին` Արմեն Սարգսյանը ասել է. - «Էներգետիկ անվտանգության բազմաշերտ ոլորտում երկարաժամկետ կենսունակ լուծումներ գտնելը խիստ կարեւոր է, հակառակ դեպքում դժվար կլինի առաջ մղել տնտեսական զարգացումը, սոցիալական առաջընթացը եւ խաղաղությունն ամբողջ աշխարհում»:

Նրա խոսքով, նման համալիր հիմնախնդիրների համալիր լուծումը պահանջում է համաշխարհային մակարդակի համագործակցություն, եւ նորաստեղծ խորհուրդը կոչված է համակարգելու ջանքերն այդ ուղղությամբ:

Գործակցելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ, Արմեն Սարգսյանը, որպես Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ, առաջարկելու է խորհրդի կազմում ընդգրկվելիք համաշխարհային առաջնորդների թեկնածությունները, եւ համակարգելու է միջազգային այդ մարմնի աշխատանքը: Խորհրդի աշխատանքի արդյունքում ի հայտ եկած նոր ընկալումներն ու նորարարական գաղափարները Արմեն Սարգսյանը պարբերաբար կներկայացնի Համաշխարհային տնտեսական ֆորումի Դավոսի ամենամյա ժողովներին ու այլ համաշխարհային տնտեսական հավաքներին:

Այս տարի ավելի ուշ Արմեն Սարգսյանը կնախագահի Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային նվիրված առաջին Համաշխարհային տնտեսական ֆորումում, որը կբացվի հոկտեմբերի 30-ին Ստամբուլում: Այստեղ կհավաքվեն միջազգային եւ տարածաշրջանային գործարար առաջնորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կրոնական ու մշակութային գործիչներ ամբողջ Եվրոպայից, Թուրքիայից, Կենտրոնական Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից` քննարկելու ընդհանուր մարտահրավերները եւ գծագրելու դեպի համատեղ գործակցային ապագա տանող ուղին:

Արմեն Սարգսյանը խորհրդատու է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են British Petroleum-ը, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն:

Նա հիմնադրել է նաեւ մի շարք խոշոր ներդրումային ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում հատկապես էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG