Մատչելիության հղումներ

Ուկրաինան` հերթական արտահերթ ընտրությունների շեմի՞ն


Ուկրաինայի «նարնջագույն» կոալիցիան փլուզվել է: Այդ մասին երեկ պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի՝ Գերագույն ռադայի նախագահ Արսենի Յացենյուկը:

«Ես պետք է կատարեմ իմ սահմանադրական պարտականությունը: Ոմանց համար սա երկար սպասված լուր էր, ինձ համար՝ չափազանց տխուր պահ է: Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում ժողովրդավարական ուժերի՝ «Մեր Ուկրաինա»-«Ինքնապաշտպանություն» դաշինքի եւ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի կոալիցիան այլեւս գոյություն չունի», - ասել է խորհրդարանի նախագահը:

Նախկին վարչապետ, «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր 3անուկովիչը այսպես է արձագանքել այդ լուրին. - «Սայլը հասավ ու թաղվեց ճահճում: Այդ այսպես կոչված «ժողովրդավարական կոալիցիան» անհետացավ, ինչպես առավոտյան ցողն է ցնդում արեգակի շողերից»:

Ուկրաինայի Սահմանադրության համաձայն` Գերագույն ռադան 30 օրում պարտավոր է նոր կոալիցիա ձեւավորել, այլապես երկրում տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, թե չնայած կոալիցիայի փլուզմանը` ինքը մտադիր չէ ազատել վարչապետի պաշտոնը: «Այսօր տեղի ունեցան ոչ այնքան հաճելի քաղաքական իրադարձություններ: Բայց հավատացնում եմ, որ կառավարությունը դեռ երկար ժամանակ շարունակելու է իր հաջող աշխատանքը: Սա փոթորիկ է մի բաժակ ջրում, իսկ մենք երկրի համար անհրաժեշտ նորմալ գործ ենք անում», - ասել է նա:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` ուկրաինացի վերլուծաբանները ենթադրում են, որ եթե նոր կոալիցիա չստեղծվի, ապա Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան, հավանաբար, տարեվերջին:

Ուկրաինայի ներկայիս խորհրդարանը եւս ձեւավորվել է արտահերթ ընտրություններով, որոնք անցկացվեցին 2007 թվականի սեպտեմբերի 30-ին` երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG