Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «30 արծաթ էլ վերցրել էր Թորոսյանը» վերնագրված հրապարակման մեջ գրում է. - «Երեկ ՀՀԿ փոխնախագահ եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հրապարակելով ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու եւ ՀՀԿ շարքերը լքելու իր որոշման մասին, նաեւ հայտարարել էր, թե թող որեւէ մեկը չմտահոգվի իր ճակատագրով` «թո’ղ վերցնեն իրենց 30 արծաթն ու շարունակեն իրենց ճանապարհը»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկ այս առնչությամբ ասաց, թե լավ կլիներ, որ Տիգրան Թորոսյանը 30 արծաթի մասին ընդհանրապես չխոսեր, որովհետեւ ինքն էլ նույն 30 արծաթը վերցնող է. - «Նա նույն 30 արծաթով ուրացավ իր կալանավորված ընկերներին, ու իր եւ Հովիկ Աբրահամյանի միակ տարբերությունն այն է, որ ինքն ավելի քիչ հոգեհարազատ է Սերժ Սարգսյանին»:

«Հայք»-ը, անդրադառնալով Տիգրան Թորոսյանի երեկվա հրաժարականին եւ իշխանությունների հասցեին նրա կողմից հնչեցված քննադատությանը, գրում է. - «Երեկ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այնպիսի քայլ է արել, որը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի հետագա զարգացումների վրա: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը կարծում էր, թե Տիգրան Թորոսյանը, լսելով իր հրամանը, մեծ արագությամբ պետք է թողներ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը եւ ծնկաչոք մեկ այլ պաշտոն խնդրեր: Թորոսյանը երեկ ապացուցեց, որ ինքը քաղաքական գործիչ է: Սերժ Սարգսյանը հաստատ չէր սպասում, որ Թորոսյանը նման քայլի կդիմի: Չենք բացառում, որ առաջին իսկ հարմար առիթի դեպքում Թորոսյանի դեմ նույնիսկ քրեական գործ կհարուցվի, եւ նրան կմեղադրեն, ասենք, Ազգային ժողովից A3 ֆորմատի 453 հատ թուղթ յուրացնելու մեջ»:

«Հայկական ժամանակ»-ը նույնպես անդրադառնալով Տիգրան Թորոսյանի` իշխանության հասցեին հնչեցրած մի շարք հայտարարություններին, գրում է. - «Երեկ Տիգրան Թորոսյանը խոսում էր 30 արծաթի, դավաճանության եւ նման այլ բաների մասին. «Թող վերցնեն իրենց 30 արծաթը եւ շարունակեն իրենց ճանապարհը», - դիմելով իր կուսակիցներին, ասել է Թորոսյանը: Իսկ հետաքրքիր է. ի՞նչ էր մտածում Տիգրան Թորոսյանը, երբ մարտի 1-ից առաջ վերցրեց իր 30 արծաթը եւ դավաճանեց սեփական ժողովրդին: Մտածում էր, որ կարող է վերցնել դրանք ու շարունակե՞լ իր ճանապարհը: Սակայն Տիգրան Թորոսյանն իր սեփական մաշկի վրա համոզվեց, որ դա անհնար է»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Հայոց Աշխարհ»ին տված հարցազրույցում անդրադառնում է Տիգրան Թորոսյանի երեկ արած այն հայտարարությանը, թե իր դեմ իրականում անդրկուլիսյան խարդավանքները սկսվել են ամիսներ առաջ, իսկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերն ուղղակի ձեւական գործընթացներ են եղել: «Չի կարելի դավադրություն կամ անդրկուլիսյան քննարկում համարել այն, երբ կուսակցությունը կադրային որոշակի փոփոխություն է նախապատրաստում, նախապես քննարկում է դրա նպատակահարմարությունը եւ իր նպատակին հասնելու համար քայլեր է կատարում», - ասում է Զոհրաբյանը: - «Տիգրան Թորոսյանին միանգամայն պատշաճ նոր պաշտոն ու աշխատանք էր առաջարկվել, սակայն նա չհամաձայնեց ու պնդում էր, թե իր արժանիքներին համապատասխանում է միմիայն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Ի վերջո, ընտրությունների արդյունքում հաղթել է կուսակցությունը եւ ոչ թե ինչ-որ մի անձ, ու կուսակցությունն է որոշում, թե քաղաքական ներկայացուցչական մարմնում ով պետք է լինի իր առաջադրած ղեկավարը: Իսկ 30 արծաթի վարձավճարի մասին խոսելով, նա ցանկացել է վիրավորել մեզ: Սեփական կարծիքը արտահայտելու համար ոչ ոք վարձավճար չի ստանում: Իսկ նրա դիմումը այս իրավիճակում կուսակցությունից դուրս գալու մասին ընկալվում է այնպես, որ նա Հանրապետականին առնչվում էր ոչ թե գաղափարական հենքով, այլ ընդամենը անձնական շահախնդրությամբ»:

«Չորրորդ իշխանություն»-ը տեղեկություններ է հրապարակել Ազգային ժողովի նախագահի պաշտոնն առաջիկայում ստանձնող Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին. - «Ոչ վաղ անցյալում իշխանությունները Աբրահամյանին թույլատրեցին կոպեկներով գնել Արտաշատի գինու գործարանը, որը հետագայում վերջինս 5 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառեց Հանրապետական թիմի «ծախսարարներից» մեկին` ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Ավելի ուշ նրան հաջողվեց սեփականաշնորհել իր ծննդավայր Մխչյան գյուղում գտնվող գինու գործարանը: Նույն հաջողությամբ Արբահամյանը դարձավ Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկայի եւ Մեխանիկական գործարանի սեփականատերը: Ավելացնենք, որ Արարատի մարզի համարյա բոլոր համայնքներում Աբրահամյանն ունի իր սեփականաշնորհված հողերը, նրան են պատկանում մարզի բոլոր միջքաղաքային երթուղային գծերը: Ինչ վերաբերում է Արարատի մարզից դուրս, ապա, մասնավորապես, 5 հեկտար հող Ծաղկաձորում եւ մի հսկայական ամառանոց համարվում են Աբրահամյանի սեփականությունը: Դե իսկ մայրաքաղաքում Աբրահամյանի ունեցածը ոչ մի բանով չի զիջում մարզերում եղած նրա կալվածքներին: Օրինակ, Երեւանի Հանրապետության փողոցում, Վերնիսաժի հարեւանությամբ նրան է պատկանում բազմաբնակարան երկու շենք: Աբրահամյանը նաեւ որպես տանիք իր լուրջ մասնակցությունն է ունենում մայրաքաղաքում օրեցօր շատացող էլիտար շինարարության գործում»:

«Հրապարակ»-ը այսօր անդրադառնում է Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականին. - «Չնայած Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն ամեն ինչ արել էր Հայաստանի նախագահի բարեհաճությանն արժանանալու համար եւ երբեւէ չէր թերացել նախագահականից եկած պատվերների կատարման մեջ, սակայն նա էլ արժանացավ Տիգրան Թորոսյանի բախտին»: Ինչ վերաբերում է Մանուկյանի հրաժարականի պատճառներին, ապա թերթը գրում է. - «Համառ լուրերն ասում են, որ Սերժ Սարգսյանը հաստատակամ է եւ չի սիրում Հովհաննես Մանուկյանին, չի վստահում, նրան համարում է Ռոբերտ Քոչարյանի մարդը եւ հաստատ որոշել էր փոխել նրան»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG