Մատչելիության հղումներ

Եթե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք իշխանական բուրգը մոնոլիտ էր, ապա այժմ այն ճաքեր է տալիս, քանի որ տեղի է ունենում ինչպես իշխանական լծակների եւ ազդեցության ոլորտների, այնպես էլ հարստության եւ սեփականության վերաբաշխում: Այսպիսի համոզմունք հայտնեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում ունեցած իր ելույթում:

Իբրեւ իշխանական բուրգում գոյություն ունեցող հակասության վառ օրինակ` նա մատնանշեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու փաստը: Ըստ նրա` այս փոփոխության մեջ քաղաքականություն եւ պետության շահ որոնել պետք չէ, սա ընդամենը ներքին «ռազբորկայի» եւ ազդեցությունների վերաբաշխման խնդիր է:

«Ինչ էլ ասվի Տիգրան Թորոսյանի մասին` Տիգրան Թորոսյանը Հովիկ Աբրահամյան չէր, Տիգրան Թորոսյանը քրեական աշխարհի ծնունդ չէր: Իսկ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ մենք վերջնականապես քրեականացնելու ենք մեր ազգային խորհրդարանը», - հայտարարեց առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանի համոզմամբ` իշխանական բուրգում առկա հաջորդ հակասությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ է. թեեւ այսօր Ռոբերտ Քոչարյանը իշխանական լծակներ չունի եւ դուրս է քաղաքականությունից, բայց շատ է խոսվում այն մասին, որ նա պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն` վարչապետի պաշտոնով:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` այս ասեկոսեները գնալով ավելի են խորանում, եւ այդ խոսակցությունները տարածվում են հենց Ռոբերտ Քոչարյանի շրջապատի եւ յուրայինների կողմից: Այդ խոսակցությունները, նրա համոզմամբ, քաղաքականապես ուղղված են Սերժ Սարգսյանի դեմ. - «Շատ տարածված այդպիսի դատողություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը անկարող է զսպել համաժողովրդական շարժումը, որ նա շուտով իշխանությունը կկորցնի եւ քրեական աշխարհը կկորցնի ամեն ինչ, եւ միակ փրկությունը, իշխանության լծակների տիրող, խոշորագույն հարստությունների տիրող այդ մարդկանց միակ փրկությունը Ռոբերտ Քոչարյանն է»:

Սակայն, Տեր-Պետրոսյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելով` մի վայրկյանում դառնալու է «Անգլիայի թագուհի», որովհետեւ Քոչարյանը իր էությամբ եւ բնավորությամբ իշխանություն կիսել չգիտի, եւ եթե նա դարձավ վարչապետ, ապա նույն օրը իշխանության բոլոր լծակները վերցնելու է իր ձեռքը:

Տեր-Պետրոսյանի համոզմամբ` մյուս հակասություններից է Դաշնակցություն - իշխանություն տարաձայնությունները, եւ դա դրսեւորվեց Թուրքիայի նախագահի այցելության ժամանակ: Ըստ նրա` ստացվում է, որ երկրի նախագահը Աբդուլա Գյուլին հրավիրում է Հայաստան, բայց նույն երկրի նախագահի կազմած կառավարության մի մասը, որը ներկայացնում է Դաշնակցությունը, դեմ է արտահայտվում է այդ այցելությանը: Բացի այդ, կառավարությունը որոշում է կայացնում Գյուլի այցելության առթիվ սեպտեմբերի 1-11-ը զանգվածային միջոցառումներ չանցկացնել Հայաստանում, սակայն նույն կառավարության մաս կազմող Դաշնակցությունը, փաստորեն, խախտում է իր իսկ կառավարության որոշումը:

«Ի՞նչ կարելի է ասել սրա մասին` եթե ոչ ուղղակի ծաղրուծանակի ենթարկել պետության գաղափարը: Ստացվում է, որ կամ Սերժ Սարգսյանը պետք է Դաշնակցությանը վռնդի կառավարական կոալիցիայից, կամ էլ կապացուցի, որ նա նաեւ այս առումով նախագահ չէ եւ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին, որը տիրում է մեր երկրում», - հայտարարեց նախկին նախագահը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հակասությունների դաշտում է տեսնում նաեւ վարչապետ - կառավարություն հարաբերությունները, որոնք, ըստ նրա, ոչ արդյունավետ են եւ պետության համար վնասակար: Նրա համոզմամբ, վարչապետն ընդամենը շղարշ է` արտաքին աշխարհին ցուցադրելու համար, թե ինչպիսի մտավորական եւ պրոֆեսիոնալ վարչապետ է Սերժ Սարգսյանը նշանակել. - «Սրանով ավարտվում է վարչապետի ֆունկցիան: Իրականում կառավարությունը հրահանգներ է ստանում բոլորովին այլ կետերից եւ առաջին հերթին նախագահից»:

Ինչ վերաբերում է երկրի տնտեսությանը, ապա, ըստ նրա, մոնոպոլիաները չեն դադարել դուրս մնալ հարկային դաշտից, իսկ հարկային բեռը շարունակում է ծանրացած մնալ մանր ու միջին ձեռներեցության ուսերին: Արտագաղթի եւ գործազրկության աճը, ապրանքների թանկացումն էլ դարձել են մշտական գործոն: Եթե կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, ապա, Տեր-Պետրոսյանի խոսքերով, Հայաստանը կհայտնվի ճգնաժամային իրավիճակում. - «Կտրուկ միջոցներ ձեռք չառնելու պարագայում, հանցագործ տնտեսական քաղաքականությունը մեր ժողովրդին սպառնում է ծանր ձմեռ, իսկ վաղ գարնանը` արդեն ճգնաժամային իրավիճակ` զուտ տնտեսական, սոցիալական առումով եմ ասում»:

Սակայն, առաջին նախագահի համոզմամբ, ներքաղաքական ճգնաժամի ամենաբնութագրական կողմը այն է, որ անկախության 17 տարիների ընթացքում Հայաստանը երբեւէ այդքան ենթակա չի եղել արտաքին ճնշումների, որքան հիմա: Պատճառը, ըստ նրա, «ոչ լեգիտիմ, կոռումպացված» իշխանությունն է: Հետեւաբար, այդ ճնշումների պարագայում, Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն այսօր լուծում է մի խնդիր. նա փորձում է աշխարհին դուր գալ եւ իր լեգիտիմությունը ստանալ Հայաստանի պետական շահը զոհաբերելով. - «Նրա միակ խնդիրը, նրա միակ մտահոգությունը իր չունեցած լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրն է, ինչի վկայությունն են ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում զիջումներ կատարելու վերաբերյալ նրա պատրաստակամության ցույցերը»:

Խոսելով Ղարաբաղի խնդրի մասին` Տեր-Պետրոսյանը վտանգավոր համարեց հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի ակտիվացումը: Նրա համոզմամբ` Թուրքիայի միջնորդությունը Հայաստանին օգուտ բերել չի կարող, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսակետները Ղարաբաղի հարցում համընկնում են:

«Առաջին արձագանքը Հայաստանի իշխանությունների այն էր, որ նրանք պատրաստ են այսպիսի [Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ] հանդիպման: Սա չափազանց վտանգավոր պրոցես է: Դրանով, փաստորեն, վտանգվում է Մինսկի խմբի ձեւաչափը, պրոցեսը դուրս է գալիս Մինսկի խմբի ձեւաչափից: Իսկ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ համար մինչեւ հիմա եղել է ամենաճիշտ ձեւաչափը, որովհետեւ այստեղ կար գերտերությունների հավասարակշռություն, որը մեզ հնարավորություն էր տալիս հասնել այն բանին, որ Ղարաբաղի հարցը չլուծվի գերտերություններից որեւէ մեկի միակողմանի ջանքերի շնորհիվ», - ընդգծեց Հայաստանի առաջին նախագահը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG