Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, ուր այսօր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նախագահները քննարկելու են Կովկասում ստեղծված իրավիճակը եւ ռուս - ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` համագործակցությունը էներգետիկայի ոլորտում:

Վերջին մեկ տարվա ընթացքում առեւտրատնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ է’լ ավելի են զարգացել, եւ հնարավոր է, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ այս տարվա կտրվածքով կազմի 2 միլիարդ դոլար:

Աճում են նաեւ ռուսաստանյան կապիտալի ներդրումները Ադրբեջանում: Վերլուծաբանները արձանագրում են, որ այս առումով զգալիորեն ակտիվացել է Ռուսաստանի ադրբեջանական համայնքը:

Երկու երկրների նախագահները հանդիպել են երկու ամիս առաջ. Ռուսաստանի նախագահը հուլիսի 3-ին այցելել էր Բաքու: Ադրբեջանը ԱՊՀ-ի անդամ երկրորդ երկիրն է, ուր մեկնել է Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահ ընտրվելուց հետո` առաջինը Ղազախստանն էր:

Ռուս - վրացական ռազմական հակամարտության առաջին իսկ օրերից Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ հստակ տարանջատում են աբխազական եւ հարավօսական հակամարտությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից:

Վերջին անգամ նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` սեպտեմբերի 4-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսում:

«Մենք որեւէ նմանություն այս հարցերում չենք տեսնում, եւ Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում մնացել է անփոփոխ: Կողմերից որեւէ մեկը չի հրաժարվում բանակցություններից, եւ բանակցությունները շարունակվում են: Մենք աջակցելու ենք խաղաղ կարգավորման գործընթացին, այդ թվում նաեւ` ԵԱՀԿ-ի շրջանակներում», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG