Մատչելիության հղումներ

Նյու Յորքում այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանը. ընդհանուր քննարկումները կսկսվեն մեկ շաբաթ անց եւ կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Ակնկալվում է, որ այդ օրերի ընթացքում Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ կունենան ավելի քան 120 երկրների առաջնորդներ ու արտգործնախարարներ, քննարկման կդրվի մարդու իրավունքների պաշտպանությանը, աշխարհի անվտանգությանն ու զարգացմանը վերաբերող ավելի քան 100 հարց:

Քննարկվելիք հարցերից մեկը վերնագրված է` «Դրությունը Ադրբեջանի գրավված տարածքներում», եւ վերաբերում է դեռեւս անցած նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված եւ Գլխավոր ասամբլեայի հավանությանն արժանացած բանաձեւին:

Շուրջ կես տարի առաջ` մարտին, ձայների 39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունված այդ փաստաթղթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւս մեկ անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջեց «գրավյալ» տարածքներից «հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»: «ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում, եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որը կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը», - ամրագրում էր փաստաթուղթը, որի դրույթներից մեկն էլ պահանջում էր քարտուղարությունից 63-րդ, այսինքն`այսօր մեկնարկող նստաշրջանի ընթացքում զեկույց ներկայացնել բանաձեւի շուրջ կատարված քայլերի մասին:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի տեղեկություններով` խնդիրը քննարկվելու եւ տեղեկատվությունը ներկայացվելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով:

«Հանդիպումներ եղել են իրենց հետ եւ քարտուղարության հետ, իրենք ասել են, որ այստեղ նոր ձեւաչափեր, նոր կառույցներ, նոր մեխանիզմներ չեն ստեղծվելու, եւ եռանախագահողներին ուղղակի խնդրելու են ներկայացնել, տեղեկացնել Գլխավոր ասամբլեային տեղի ունեցող բանակցությունների ընթացքի մասին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչպես հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանին կմասնակցի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հայաստանի նախագահը Նյու Յորք կմեկնի սեպտեմբերի վերջին եւ հանդես կգա ելույթով: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի վկայությամբ` նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Միաժամանակ, Արմեն Մարտիրոսյանը հերքեց թուրքական մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նյու Յորքում կարող է կայանալ Սարգսյան - Գյուլ երկրորդ հանդիպումը. - «Նախատեսված են բավական մեծ քանակով երկկողմ հանդիպումներ` հիմնականում դրանք եվրոպական երկրներն են, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլ երկրներ, բայց այստեղ Թուրքիայի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ»:

Ակնկալվում է, որ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Հնարավոր է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ադրբեջանցի պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ. ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի արտգործնախարարությունը, այդ հարցը քննարկվել է օգոստոսի սկզբին` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպման ժամանակ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG