Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլն այսօր առանց բացառությունների անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի` երեկ տեղի ունեցած առաջին արտոնված հանրահավաքին: Գնահատականներ եւ մեկնաբանություններ տարբեր բեւեռներից.

«Առավոտ»-ը իր խմբագրականում անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքին` մասնավորապես, գրելով. - «17 տարի ընդդիմությունը հանրահավաքներ է անում, սակայն անկախ ընդդիմադիր դեմքերի փոփոխություններից, նրա քննադատական թեզերը մնում են նույնը. ա/ իշխանությունները ավազակ են, մաֆիոզ եւ հակաժողովրդավար, որը, իհարկե, բոլոր պարագաներում ճիշտ է, բ/ իշխանությունները ուրանում են Ցեղասպանությունը եւ ծախում են Ղարաբաղը, որը սուտ է: Այսինքն, մի կողմից` 17 տարվա ընթացքում բոլոր իշխանությունները կոռումպացված էին ու հակված սահմանափակել մարդկանց ազատությունը, մյուս կողմից` ոչ մի իշխանություն «ազգի դավաճան» չէր եւ չէ: Ոչ երեկ, ոչ այսօր, ոչ էլ վաղը Հայաստանի որեւէ իշխանություն չի կարողանա «ուրանա» եւ «ծախել», եթե նրանց մտքով անգամ նման բան անցնի. զուտ ինքնապահպանման բնազդը դա թույլ չի տա անել: Ուրիշ հարց, որ ցանկացած իշխանության առաջ կանգնած է հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու խնդիրը, եւ ցանկալի է, որ, ի հեճուկս «ուրանալու» եւ «ծախելու» մեղադրանքների, որեւէ իշխանություն կարողանա դա անել: Կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ նա իր հաստատուն տեղը կունենա հայոց պատմության մեջ: Չի՞ հաջողվի՝ ներկայիս նախագահը կկորչի պատմության ծալքերում, ինչպես դա, կարծում եմ, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի հետ»:

«Թեժ աշուն խոստացողները հիասթափեցրին հեղափոխական ամբոխին» երթավերնագրով հոդվածում «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը գրում է«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Օգոստոսի 1-ից ամիսուկես անց կազմակերպված միտինգը, թվում էր, անցնելու էր արմատական «ոգեղենության» հզոր լիցքով, հեղափոխական ճարտասանները դղրդացնելու էին երկիրը, լեւոնական ակտիվիստներին ու ցուցարարներին թիվ ու հաշիվ չէր լինելու, սրանց ներկայությունից պայթելու էր տարածքը, եւ, վերջապես, հեղափոխական պարագլուխներին երեկ հաջողվելու էր «համաժողովրդական» մի թեթեւ ակցիայով տապալել բռնապետությունը: Ոչ մի նման բան: Ավելի տխուր, ձանձրալի, դժգույն միտինգ, քան երեկվանն էր, երբեւէ տեղի չէր ունեցել»:


«Յուրաքանչյուր հանրահավաքից գործողություն ակնկալող, գործողությունների կարոտ զանգվածը դժգոհ մնաց. այս անգամ էլ ոչինչ տեղի չունեցավ», - գրում է «Հրապարակ»-ը` ավելացնելով. - «Երեկ երթ էլ տեղի չունեցավ, իսկ երթը հանրահավաքների ամենաոգեւորող, ամենասպասված մասն է: Տակը մնացին մի քանի ծեծված-լսված ելույթներ, որ կրկնվելու պատճառով դատարկ հոխորտանքի էին նմանվում: Մարդկանց մի բան էր մխիթարում, որ մինչեւ հաջորդ հանրահավաքն ինտերվալն այս անգամ երկար չի լինելու: Լավատեսները հույս ունեն, որ այդ օրը վճռական կլինի, հեռոտեսները համակարծիք են, որ սա վերջի սկիզբն է»:

«Հայկական ժամանակ»-ը երեկվա հանրահավաքը իր ուրույն տեսանկյունից է ներկայացնում. - «Քաղաքապետարանի կողմից հանրահավաքն արտոնվել էր ինչ-ինչ հաշվարկներից ելնելով: Սեպտեմբերի 15-ը պաշտոնապես ոչ աշխատանքային օր էր հայտարարված, եւ նաեւ մեռելոց էր: Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հաշվարկներով, դա արդեն իսկ ռեալ խոչընդոտ պետք է լիներ հանրահավաքի անցկացման համար, քանի որ պետք է էապես կրճատեր մասնակիցների քանակը: Երեկ Երեւանում կենտրոնացած ոստիկանական ուժերի քանակն էլ աննախադեպ էր... Իշխանությունները ծրագրել էին սեպտեմբերի 15-ին արտոնված հանրահավաքով լուրջ հարված հասցնել շարժմանը, հանրահավաքից հետո կայանալիք երթի ժամանակ մի քանի հազար ոստիկաններ պետք է հարձակվեին մարդկանց վրա, սկսվեր մեծ բախում: Սակայն այս «գիգանտ» ծրագիրը երեկ ջուրն ընկավ: Սերժ Սարգսյանը հերթական անգամ սխալվեց»:

«Երեկվա հանրահավաքը մի առումով բացառիկ էր», - բնորոշում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Հանրահավաքի ավարտից հետո մարդիկ ոչ թե ոգեւորված էին, այլ ավելի շատ հակված էին լրջորեն վերլուծել իրավիճակը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG