Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի Մատենադարանի մոտ երեկ երեկոյան Հայ ազգային կոնգրեսը անցկացրեց իր հանրահավաքը:

Արտոնված հանրահավաքը բացեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ով խոսեց «Ա1+»-ի խնդրի մասին, նշելով, որ այս օրերին իշխանությունները դիմել են խորամանկ քայլի` փորձելով օրենքի միջոցով «Ա1+»-ին եւ «Նոյյան տապան»-ին զրկել եթեր վերադառնալու հնարավորությունից: Սակայն, Սուրենյանցի կարծիքով, այդ օրենքը, միեւնույն է, ուժ չի ունենալու, քանի որ «մինչեւ 2010 թվականը մենք այսպիսի իշխանություն չենք ունենալու»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նույնպես իր ելույթում անդրադարձավ «Ա1+»-ի խնդրին` նշելով, որ իշխանությունները հերթական անգամ «դավադրություն» են կազմակերպել, որպեսզի «Ա1+»-ն ու «Նոյյան տապան»-ը չկարողանան վերադառնալ եթեր, մինչդեռ հենց այս երկու հեռուստաընկերությունների եթեր վերադառնալու շնորհիվ կարող էր hանրային երկխոսություն տեղի ունենալ:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, թե հենց ժողովրդի ճնշման ներքո է, որ առաջին անգամ իշխանությունները արտոնել են հանրահավաքը: Նա նաեւ պնդեց, որ որեւէ առաջընթաց` «քաղբանտարկյալների» ազատ արձակման հետ կապված, չկա: Դավիթ Շահնազարյանը բավական հուսադրող համարեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայացրած հաղորդումը եւ ասաց, թե իր տվյալներով` հանձնակատարը այս ամսվա վերջին կներկայացնի գրավոր զեկույց, որը «ավելի քան իրատեսական» կլինի: Դիմելով հավաքվածներին` նա ասաց, որ «իհարկե, ժողովուրդը կտրուկ գործողություններ է պահանջում Հայ ազգային կոնգրեսից, բայց քաղաքական սառը հաշվարկներով պետք է առաջնորդվել»:

Ելույթ ունեցան նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայոց համազգային շարժման վարչության անդամ Արարատ Զուրաբյանը, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը եւ այլոք: Ապա եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանության պարետա-պահակային ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ հանրահավաքին մասնակցում էր 6-7 հազար մարդ: Ընդդիմության ներկայացուցիչները որեւէ կոնկրետ թիվ չեն հրապարակել:

Հանրահավաքի ընթացքում Երեւանի կենտրոնում մեծ էր ոստիկանների թիվը: Մասնավորապես, ոստիկաններով շրջապատված էր Ազատության հրապարակը, ոստիկանական պատնեշ էր ստեղծված Հյուսիսային պողոտա տանող բոլոր ճանապարհներին, Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ շարված էին մեկ տասնյակից ավելի ավտոբուսներ` հատուկ ջոկատայիններով, շատ էին իրավապահները Բաղրամյան պողոտայում, փողոցներում երեւում էին ջրցան, փշալարերով բեռնված մեքենաներ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը վստահեցրեց, որ հասարակական կարգի պահպանությանը հետեւել են 500 ոստիկաններ, եւ նրանց թիվը սովորականից ավելի չէր:


Ռուզաննա Ստեփանյան եւ Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG