Մատչելիության հղումներ

Հայաստանի փողոց` Դելիում


Շաբաթ օրը Դելիում Հայաստանի դեսպանատան դիմաց գտնվող այգում տեղի է ունեցել Հայաստանի փողոցի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ Դելիի քաղաքապետ Արթի Մեհրան:

Հնդկաստանի տարածքում սա առաջին փողոցն է, որը կկրի Հայաստանի անունը:

Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստանի մայրաքաղաք է այցելել սեպտեմբերի 12-14-ը` Դելիի գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթի հրավերով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Երեւանի քաղաքապետն ու Դելիի գլխավոր նախարարը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր երկու բարեկամ քաղաքների միջեւ: Նրանք ընդգծել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` որպես հետագա համագործակցության հեռանկարային ուղղություններ նշելով քաղաքաշինությունը, կրթությունը, մշակույթը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները:

Երեւանի քաղաքապետն այցելել է նաեւ Դելիի մետրո, ծանոթացել 2010 թվականին Դելիում կայանալիք Համագործակցության խաղերի օբյեկտների շինարարությանը, պատմամշակութային նշանակություն ունեցող կոթողներին, ծաղկեպսակ դրել Հնդկաստանի առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշահամալիրում:

Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը այսօր վերադարձել է Երեւան:


(Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG