Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտգործնախարարը այցելել է Վրաստան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը այցելել է Թբիլիսի, որտեղ հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների հետ:

«Թբիլիսի ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտգործնախարար Էկա Տկեշելաշվիլու հետ», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչութունը` հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են «տարածաշրջանում վերջին զարգացումները եւ ստեղծված իրավիճակից ելքի հնարավորությունները»:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին Աջարիայում հանգստացող հայ զբոսաշրջիկներին անվտանգ կերպով Հայաստան վերադարձնելու գործում ցուցաբերած աջակցության համար:

Էկա Տկեշելաշվիլու խնդրանքով, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ բանակցությունների ընթացքում Էդվարդ Նալբանդյանը, ընդգծելով Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծման եւ Հայաստանից արտահանման ուղիների անխափան գործելու կարեւորությունը, շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը խաթարված երկաթուղային գծի վերականգնման եւ այդ հարցում Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամության համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Լադո Գուրգենիձեն քննարկել են նաեւ վիրահայությանը մտահոգող խնդիրները:

Նույն օրը նախարար Նալբանդյանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, թերեւս, հարեւան երկրում կայունության, անվտանգության եւ խաղաղության մեջ ամենաշահագրգռված երկրներից է ոչ միայն այն պատճառով, որ նրա ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը անցնում է Վրաստանի տարածքով, այլեւ որ երկու հարեւան երկրներին եւ ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG