Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը փոխանցում է, որ «քաղբանտարկյալների կանանց, հարազատների, նույնիսկ Համաժողովրդական շարժման ակտիվիստների շրջանում խոսակցություններ են պտտվում, թե եվրոպական կառույցներում Հայաստանի վերաբերյալ վատ զեկույցներ չեն գրվում, քանի որ իշխանությունը Եվրոպային խոստացել է մինչեւ սեպտեմբերի վերջը համաներում հայտարարել եւ բանտերից ազատ արձակել քաղբանտարկյալների մեծ մասին»:

«Հայաստանի բանտերում 75 քաղբանտարկյալ կա, ոստիկանական տեռորն օրեցօր լկտիանում է, «Ա+»-ին եթեր չտալը օրենսդրորեն ամրագրվեց. դատարաններում 37 թիվն է… եւ այս վիճակը մենք մեր մաշկի վրա ենք զգում ամեն օր: Եվրոպացիների գործն է` կցանկանան այս ամենը տեսնեն` թող տեսնեն: Չեն ցանկանա` թող առաջընթաց արձանագրեն: Մեզ համար դրանից ոչինչ չի փոխվում», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը` հավելելով. - «Եթե նույնիսկ Համմարբերգը հայտարարի, որ Սերժ Սարգսյանի ուսերին սկսել են հրեշտակի թեւեր աճել, դրանից ո’չ քաղբանտարկյալների թիվը կպակասի, ո’չ նրանց վիճակը կթեթեւանա, ո’չ էլ տասը հոգու սպանության մեղավորներն ինքնակամ կներկայանան իրավապահներին»:

«Գոլոս Արմենիի»-ին կարծում է, թե «Համմարբերգի հաղորդագրությունը արտացոլում է իրականությունը եւ այն, ինչ արվել է մարտի 1-ից հետո ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, եւ որ դեռ շատ բան պետք է կատարվի»:

«Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հասարակական հանձնախմբի պատրաստած տեսանյութը սեպտեմբերի 10-ին հրապարակվելուց հետո Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, իրավապահ մարմինները, բնականաբար, չփորձեցին ծպտուն անգամ հանել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: «168 ժամ»-ը ընդգծված ներկայացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը. «Անհետաձգելի եւ չափազանց կարեւոր է տեսանյութում ներկայացված ուժային կառույցների ներկայացուցիչների առանձնակի դաժան եւ ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ անցկացնել համապատասխան քննություն` ապօրինի գործողություններ կատարելու հրամաններ տված եւ այդպիսիք անմիջականորեն իրականացրած անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»:

«Վերջապես Հայաստանի կառավարությունը գործ գտավ իր քաղաքացիների համար, թե չէ՝ պարապ-սարապ ման էինք գալիս, զբաղվելու բան չունեինք: Մեր երկրի առաջ ծառացած սոցիալական խնդիրները լուծելու համար մենք պետք է խանութներում առեւտուր անելիս պահանջենք ՀԴՄ կտրոնները: Դա, ըստ երեւույթին, հենց այն միավորող ազգային գաղափարն է, որը տարիներ շարունակ ապարդյուն փնտրում էին մեր մտավորականները եւ քաղաքական գործիչները, եւ որի շուրջ պետք է համախմբվի ողջ ազգը», - հեգնում է «Առավոտ»-ի խմբագիրը` որպես քաղաքացի ներկայացնելով իր պահանջները. - «Ես, մասնավորապես, պահանջում եմ, որ մարդկանց չազատազրկեն քաղաքական հայացքների համար, որ Հյուսիսային պողոտայում քաղաքացիներին թույլ տան խաղաղ նստացույց անել, որ իշխանությունը ստեր չտարածի մարտի 1-ի իրադարձությունների մասին, որ Հայաստանում ցանկացած ընտրություն ծեծուջարդի եւ դանակահարության չվերածվի»: «եթե վարչապետը կոչ է անում արժանապատիվ քաղաքացի լինել կտրոնների հարցում, ապա ինչո՞ւ մենք նույն ձեւով չպիտի դրսեւորվենք այլ՝ ավելի կարեւոր խնդիրներում», - ամփոփում է Արամ Աբրահամյանը:

Նույն թերթի հարցազրույցում, ընդդիմության բողոքի ակցիաների ազդեցությունը իշխանությունների վրա միանշանակորեն դրական գնահատելով, 90-ականներին հայտնի քաղաքական գործիչ Սամվել Շահինյանը նշում է. - « Իշխանությունն արդեն վեր էր ածվում տոտալ համակարգի, բացարձականացնում էր թե' իր գործողությունները, թե' խոսքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ որպես անհաշտ, անկոմպրոմիս, առանց որեւէ վերապահման իր պահանջներին հետեւող՝ էլի' տեսլականից զրկված, էլի' զուտ ստամոքսային, բայց՝ ուժ, որի հետ իշխանությունները չեն կարողանում որեւէ եզր գտնել, որպեսզի շոյեն, կաշառեն, խաբեն: Դա վերջին 15 տարիների ընթացքում միակ ընդդիմությունն էր, որը կայացավ եւ իշխանություններին ստիպեց ուշքի գալ»:

Ուսումնասիրելով Ազգային ժողովում անցկացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու երեք քվեարկությունների արդյունքները, «Հրապարակ»-ը փաստում է. - «Վաղուց հայտնի է, որ մեր օրենսդիր մարմինը կոճակ սեղմողների բազմություն է, որը պատրաստ է վավերացնել ցանկացած օրենք: Այս մարմնի որակը տարեցտարի ընկել է` հասնելով աղետալի մակարդակի: Թվում է չկա օրենք, որ կառավարության կողմից ներկայացվի Ազգային ժողով եւ չվավերացվի: Ընդ որում` վավերացվում է անգամ նրանց կողմից, որոնք, թվում է, պետք է եւ կարող էին տարբերվել այս գորշ զանգվածից»:

«Ազգ»-ը գրում է. - «ՀՀԿ գործադիր մարմնի որոշումից անցել է մեկ շաբաթ, լրագրողները բոլոր հնարավոր գործիչներից եւ հարցերի ամենահնարավոր ձեւակերպումներով փորձել են պատասխաններ ստանալ, թե, լավ, ի վերջո որո՞նք են այն դրդապատճառները, որ ստիպում են ՀՀԿ-ին փոխել Ազգային ժողովի նախագահին… Սակայն առավել վատ բան, քան կուսակցական գաղտնիքն է, չկա, անգամ երկրի համար կարեւոր գործընթացներում: Երբ ՀՀԿ-ն կուզենա, այն ժամանակ էլ հասարակությունը բան կիմանա իր ընտրած Ազգային ժողովի առաջին դեմքի փոփոխության պատճառի մասին»:

Այն թերթերը, որոնք հրավիրվել էին լուսաբանելու Սերժ Սարգսյանի այցելությունը Շիրակամուտ գյուղ, ամբողջությամբ կամ մեջբերումներ են ներկայացնում լրագրողներին տված նրա հարցազրույցից: «Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, խորհրդարանի նախագահին փոխելու վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասել է. - «Այդ որոշումը ինքն իր մասին արդեն խոսում է: Երկու փորձառու քաղաքական գործիչներին գնահատելու դեպքում պետք է գալ եզրակացության, որ Հովիկ Աբրահամյանի պարագայում հնարավոր է Ազգային ժողովի դերակատարության բարձրացում: Ես համարում եմ, որ Հովիկ Աբրահամյանն իր կազմակերպչական ունակություններով կարող է այդ խնդիրը լուծել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG