Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները շարունակում են պնդել, որ իշխանությունները ոչինչ չեն արել ԵԽԽՎ-ի բանաձեւերի կատարման ուղղությամբ


Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ Հայաստանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանին վերաբերող բանաձեւերի կատարման ուղղությամբ:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է Մոնիտորինգի հանձաժողովում ներկայացրած բանավոր հաղորդագրությունում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` հայաստանյան իրավիճակի գնահատականը, որ «թեեւ առաջընթաց կա, բայց ակնկալվում են հետագա քայլեր, հետագա լուրջ քայլեր»:

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի համոզմամբ, միայն այն հանգամանքը, որ մարտի 1-ի սպանությունների հետ կապված որեւէ մեկը մինչեւ օրս պատասխանատվության չի ենթարկվել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ փորձ է արվում թաքցնել իրականությունը:

«Քննել մի քրեական գործ, մի գործընթաց, որի ընթացքում զոհվել են բազմաթիվ մարդիկ, եւ չունենալ որեւէ սպանության իրականացնողի, որը կանգնած է դատարանի առջեւ, կարծում եմ, հենց սա առաջին վկայությունն է, որ քաղաքական հաշվեհարդարի առաջ ենք կանգնած եւ ոչ թե իրավական պրոցեսի», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Զուրաբյանը, ում խոսքով, Հայաստանի իշխանությունները «օգտվելով այն իրավիճակից, որ տեղի ունեցան տարածաշրջանում պրոցեսներ, փորձեցին այս իրավիճակում էլ առավելագույն դիվիդենտը իրենք ստանալ, եւ փորձ կատարվեց իրավիճակի սրումը օգտագործել հենց այն նպատակներով, որպեսզի ընդդիմությանը որոշակիորեն ճնշված պահել` հենց քաղբանտարկյալներ պահելով եւ պարտավորությունները չկատարելով»:

«Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե»-ի ղեկավար անդամ, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ով նույնպես կալանավորվել էր մարտի 1-ի իրադարձությունների կապակցության եւ ում դեմ քրեական գործ է հարուցված, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Փաստորեն վրացական դեպքերը հետին պլան են գցել Հայաստանի խնդիրը, չնայած իրենք անընդհատ հավաստիացնում են, որ մեկը մյուսի հետ կապ չունի… Եթե իսկապես ընդամենը հպանցիկ 10 րոպեանոց զեկույց է արել [Համմարբերգը] եւ իսկապես ասել է, որ Հայաստանը առաջընթաց է արձանագրել, ուրեմն անոթ իրեն»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նույնպես կարծում է, որ ԵԽԽՎ-ի բանաձեւերի կատարման ուղղությամբ իշխանությունները առաջընթաց չեն արձանագրել:

«Առաջընթաց գոյություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Քանի որ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են բանտախցերում: Այն հոդվածներով, որոնցով նրանք մեղադրվել են եւ արդեն դատապարտվել են, ընդհանրապես չեն եղել ապացույցներ: Ես ինքս մասնակից եմ եղել բազմաթիվ դատավարությունների եւ ականատես եմ եղել, թե ինչպես են ոստիկանների ցուցմունքի հիման վրա դատապարտվում մարդիկ: Չկա որեւիցե մի անձ, որին ներկայացված լինի տասը զոհերից մեկի սպանության մեղադրանք: Սա նշանակում է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նախաքննությունը միայն ընթացել է անմեղ մարդկանց մեղադրանքներ առաջադրելու եւ անմեղ մարդկանց հետապնդելու միջոցով»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG