Մատչելիության հղումներ

logo-print

Համմարբերգի գնահատմամբ, Հայաստանը պետք է ձեռնարկի «հետագա լուրջ քայլեր»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին Փարիզից հեռախոսով փոխանցեց, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Մոնիտորինգի հանձնաժողովին թիվ 1620 բանաձեւի կատարման վերաբերյալ ներկայացրել է ոչ թե զեկույց, այլ բանավոր հաղորդագրություն:

«Բանավոր հաղորդագրության մեջ նա ներկայացրեց իր գնահատականը իրավիճակի, ներկայացրեց նաեւ իր վերջին հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության հետ, մասնավորապես` թե ինչ ընթացքում են գտնվում քրեական գործերը. ներկայացրեց, որ այս պահին նախաքննությունը ավարտված է բոլոր գործերով: Նշեց, որ կան հարցեր, որոնք դեռեւս պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն իր կողմից եւ խորհրդարանական վեհաժողովի կողմից լրացուցիչ անդրադարձ այդ հարցերին», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Հայաստանյան իրավիճակի Համմարբերգի գնահատականը, Հարությունյանի փոխանցմամբ, հետեւյալն է. - «Թեեւ առաջընթաց կա, բայց ակնկալվում են հետագա քայլեր, հետագա լուրջ քայլեր»:

Դավիթ Հարությունյանը նաեւ ասաց, որ այս ամսվա վերջին մեկնարկելիք ԵԽԽՎ-ի լիագումար նիստում Հայաստանին վերաբերող հարց չի քննարկվելու. - «Սակայն լիագումար նիստի ընթացքում Մոնիտորինգի հանձնաժողովը իր նիստում անդրադարձ կատարելու է Հայաստանում տիրող իրավիճակին եւ ընդունելու է դրա հետ կապված հայտարարություն»:

Ավելի ուշ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի մամուլի խոսնակ Ստեֆանո Մոնտանարին «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Մոնիտորինգի հանձնաժողովում Թոմաս Համմարբերգի զեկույցն ի սկզբանե նախատեսված չէր, եւ վերջինս երեկ հրավիրվել էր «ոչ պաշտոնական քննարկման ընթացքում համառոտ հաղորդում ներկայացնելու իրավիճակի մասին, թե ինչ կոնկրետ քայլեր են արվել Հայաստանում բանաձեւի պահանջների կատարման առնչությամբ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG