Մատչելիության հղումներ

logo-print

Սառա Փալին. «Անընդունելի է, որ Ռուսաստանը փոքր ժողովրդավարական երկիր է նվաճում»


Ալյասկայի նահանգապետ, ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածու Սառա Փալինը ABC հեռուստակայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե Վրաստանն ու Ուկրաինան պետք է ընդունել ՆԱՏO:

Լրագրողի հարցին` «արդյո՞ք Միացյալ Նահանգները պարտավորված կլինի պատերազմել, եթե Վրաստանը դառնա ՆԱՏO-ի անդամ եւ հարձակման ենթարկվի Ռուսաստանի կողմից», Փալինը պատասխանել է. - «Հավանաբար, այո: Դա ՆԱՏՕ-ի պայմանագրից է բխում: Եթե անդամ երկիրը հարձակման է ենթարկվում, ապա պետք է իմանաս, որ քո օգնությունն է հայցելու»:

«Մենք պետք է ուշադիր հետեւենք Ռուսաստանի գործողություններին, անընդունելի է, որ Ռուսաստանը փոքր ժողովրդավարական երկիր է նվաճում», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածուն:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր ՆԱՏՕ-ին կոչ է արել թույլ չտալ, որ Ռուսաստանի ռազմարշավի հետեւանքով կասեցվի Վրաստանի անդամակցումը Դաշինքին:

Հաջորդ շաբաթ Թբիլիսիում նախատեսված է ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը: ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ափաթուրայն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար 3աապ դը Հոոպ Սխեֆերն ու Դաշինքի անդամ բոլոր 26 պետությունների ներկայացուցիչները Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում մտադիր են ստեղծել ՆԱՏՕ - Վրաստան հանձնաժողովը. դրա գաղափարն ի հայտ է եկել օգոստոսին տեղի ունեցած ռուս - վրացական կարճատեւ պատերազմից հետո:

«Ասոշիեյթեդ փրես»-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահն ասել է, թե ՆԱՏՕ-ի կողմից թուլության դրսեւորումը միայն խթանելու է Ռուսաստանի ագրեսիան:

«Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ուներ ռազմավարական նպատակ` ստիպել, որ ՆԱՏՕ-ն հեռու մնա է այս տարածաշրջանից», - վստահեցրել է Սահակաշվիլին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG