Մատչելիության հղումներ

Ըմբշամարտիկ Արա Աբրահամյանը դիմել է Սպորտի արբիտրաժային դատարան


Շվեդիան ներկայացնող հայազգի ըմբշամարտիկ Արա Աբրահամյանը, ում Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է ոչ սպորտային պահվածքի համար եւ հետ է վերցրել Պեկինի Օլիմպիադայի բրոնզե մեդալը, երեկ գանգատ է ներկայացրել Սպորտի արբիտրաժային դատարան:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` Աբրահամյանը արբիտրաժային դատարանից պահանջում է իր նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել նախազգուշացմամբ:

Պեկինի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Աբրահամյանը մասնակցել էր պարգեւատրման արարողությանը եւ ստացել բրոնզե մեդալը, ինչից հետո իջել էր պատվանդանից, շպրտել մեդալը մրցագորգի վրա եւ հեռացել: Այդ քայլով նա իր բողոքն էր արտահայտել մրցավարների դեմ, որոնք, նրա համոզմամբ` անարդարացիորեն, կիսաեզրափակիչում հաղթանակը շնորհել էին իր մրցակցին` իտալացի Անդրեա Մինգուցիին, որն էլ դարձել է օլիմպիական չեմպիոն:

«Ինձ պետք չէ այս մեդալը, ես ոսկի էի ուզում», - հայտարարել էր 33-ամյա Աբրահամյանը, ով 2004 թվականի Աթենքի Օլիմպիադայում արծաթե մեդալի էր արժանացել: - «Սա իմ վերջին մրցաշարն է: Ես ոսկի էի ուզում, հետեւաբար` ձախողված եմ համարում այս Օլիմպիադան»:

Շվեդիայի թիմի մարզիչ Լեո Միլարին, իր հերթին, «քաղաքական» էր որակել մրցավարների որոշումը:

Սպորտի արբիտրաժային դատարանը օգոստոսի 23-ին արդեն իսկ մի որոշում կայացրել է հօգուտ Աբրահամյանի, ով գանգատվել էր, որ կիսաեզրափակիչի ժամանակ նշանակված տուգանայինը, որը եւ վճռել էր մենամարտի ելքը, հնարավոր չի եղել գնահատել մինչեւ տվյալ ռաունդի ավարտը, եւ որ իր մարզիչին մերժել են տրամադրել կրկնապատկերը, իսկ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրաժարվել է քննարկել իրենց բողոքը:

Հայազգի մարզիկի նոր գանգատով արբիտրաժային դատարանը որոշում կկայացնի չորս ամսվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG