Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Կովկասյան պլատֆորմի գաղափարը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երեկ զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ քննարկել Կիպրոսի խնդիր շուրջ ընթացող բանակցությունների խնդիրը: Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ գովեստով է արտահայտվել Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնության մասին:

Ռուս - վրացական բախումների թեժ շրջանում՝ օգոստոսի 11-ին Էրդողանն ասել էր, որ պաշտոնական Անկարան կարող է առաջարկել «Կովկասյան դաշինքի» ծրագիրը, որը հնարավոր է համեմատել Բալկանյան մոդելի հետ: Դաշինքին պետք է անդամակցեն Թուրքիան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, որի ներկայությունը Էրդողանը հատուկ է ընդգծել:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 12-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ամբողջովին սատարում է Էրդողանի առաջարկը:
«Ես համոզված եմ, որ «Կովկասյան կայունության ֆորում» ստեղծելու գաղափարը շատ կարեւոր է: Կայունության հաստատումը, առկա խնդիրների լուծումը եւ ապահով վիճակի ստեղծումը տնտեսական զարգացում եւ բարօրություն կբերեն տարածաշրջանի ժողովուրդներին», - ասել է Գյուլը:

Օգոստոսի 13-ին Մոսկվայում Էրդողանն այդ գաղափարը ներկայացրել է Ռուսաստանի ղեկավարներին, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին Թբիլիսիում պաշտոնական Անկարայի նախաձեռնության մասին խոսել է Վրաստանի ղեկարների հետ:

Թուրքիայի կովկասյան նախաձեռնությունը քննարկվել է նաեւ Երեւանում՝ Աբդուլա Գյուլի այցի ընթացքում: Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես ողջունում է երկխոսությունը եւ տարածաշրջանում վստահության ամրապնդման, անվտանգության եւ համագործակցության կողմնակից է, եւ թուրքական նախաձեռնությունը համարել է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG