Մատչելիության հղումներ

Վազգեն եւ Արամ Սարգսյանների եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով 2003 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման եւ չորեքշաբթի օրը դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ ասաց, որ չի կատարել այն հանցագործությունը, որի համար դատապարտվել է:

«Ես այդ հանցագործությունը չէի կատարել», - ասաց նա: - «Այն հանցագործությունը, որի համար պատժվել էի 15 տարվա [ազատազրկման]... Հազար անգամ կարող եմ կրկնել: Այլ հարց է, թե դատավարությունը ոնց գնաց, ինչ ուղղությունով գնաց, ով տարավ այդ դատավարությունը, ինչի համար տարավ: Ես այդ մասին չեմ ուզում այս պահին խոսել եւ պատրաստ չեմ խոսել»:

Հարցին, թե որեւէ բան հետագայում ձեռնարկելո՞ւ է, որպեսզի իրականությունը պարզվի, Սարգսյանը արձագանքեց. - «Կարեւորը` իմ շրջապատը, լրատվության` մեր հայկական լրատվության եւ դրսի լրատվության մոտավորապես 70 տոկոսը հավատում է նրան, որ ես այդ մարդը չէի, ինչի համար դատապարտվեցի: Հիմա շատ դժվար ժամանակներ են: Շատ ավելի շատ դժվարին խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Այդ դժվարին խնդիրների մեջ նորից հիմա խառնել իրար, նոր դատավարություններ բարձրացնել... կարծում եմ, դրա իմաստը չկա»:

Հարցին, թե հավատո՞ւմ էր, որ դատարանը իրեն ազատ արձակելու վճիռ կկայացնի, Արմեն Սարգսյանը պատասխանեց. - «Ընդամենը հավատում էի այն բանին, որ... ես իմ հարաբերությունները միշտ էլ պահել եմ կալանքի ժամանակով ե’ւ այս նախագահի հետ, ե’ւ վաղամեռիկ վարչապետի հետ: Նրանք ինձ սիրել են որպես Վազգենի փոքր եղբայր... Իմ նեղ օրերով նրանք աշխատել են ինձ օգնել, որ ես հեշտ տանեմ այդ կալանքը: Ես հավատում էի, որ այդ մարդիկ ինձ ասում էին` կգա օրը, ժամանակը, եւ դու դրսում կլինես»:

Խոսելով ազատամարտիկներից ոմանց` այսօր կալանավայրում գտնվելու մասին, Սարգսյանը ասաց. - «Նրանք նաեւ իմ մարտական ընկերներն են, որոնց հետ միասին կռվել եմ, պատերազմ եմ անցել: Ինձ համար ցավ է... Չեմ կարծում, որ այդ մարդիկ` Սաղաթելյան Մուշեղ, Այվազյան Սմբատ, Հակոբ [Հակոբյան], Սասուն [Միքայելյան], այսօր այս երկիրը չեն սիրում, եւ ուզեցել են այս երկրում արյուն թափել կամ այս երկրում արյուն թափելով ինչ-որ բանի հասնել»:

«Ես դրսում եմ այս պահին», - շարունակեց նա, - «կաշխատեմ լինել այն մարդը, որը որ կարողանա լինել թե’ միջնորդ, թե’ խոսող, թե’ բացատրող թե’ իրենց հետ, թե’ ներկայիս իշխանությունների հետ: Որովհետեւ ներկայիս իշխանությունները նաեւ ինձ հարգում-սիրում են: Ես դա զգում եմ: Նաեւ իմ կարծիքը հաշվի են առնում: Կաշխատեմ փորձել իմ ընկերների նկատմամբ ներկայացնել ճիշտը, ռեալը, որ երկու կողմից էլ լինի հավանություն, եւ իմ ընկերները լինեն ազատության մեջ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG