Մատչելիության հղումներ

Շրջանառության մեջ է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծը


Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խոհրդարանական հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանը (ՀՅԴ) այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում հաստատեց տեղեկությունները, որ այս պահին շրջանառության մեջ դրվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ նախագիծը:

Փորձագետներից կազմված փաստահավաք խումբ ստեղծելու անհրաժեշտության հարցը դեռեւս հուլիսին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներում բարձրացրել էր Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

«Այսօր կա ցանկություն ստեղծելու փաստահավաք խումբ, որի համար էլ մշակված է նախագիծ, եւ այդ նախագիծը շրջանառության մեջ է», - ասաց Շահբազյանը: - «Ուղարկվել է նաեւ Եվրոպա, եւ կարծում եմ, որ պատասխանը, տեսակետը իմանալու դեպքում անպայման փաստահավաք խումբ կստեղծվի»:

Նախագծին ծանոթացել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ տվել է իր դրական գնահատականը:

«Փաստահավաք խումբը ստեղծվում է եւ ստեղծվում է պարիտետային սկզբունքով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը: - «Խումբը բաղկացած է լինելու հավասար քանակով անդամներից` կոալիցիայից եւ ընդդիմությունից: Ընդ որում, ընդդիմություն ասելով, այնտեղ կոնկրետ նշված է, որ դա լինելու է Հայ Ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն»-ը»:

Խմբում, օմբուդսմենի փոխանցմամբ, քաղաքական գործիչներ չեն լինելու. - «Անկախ մասնագետների մասին է խոսքը: Խոսքը էքսպերտների մասին է»:

Արմեն Հարությունյանն ասաց, թե նախագիծը ներկայացվել է կոալիցիայի անունից:

Նրա կարծիքով, եթե խումբը ստեղծվի, ապա այն կկարողանա առաջընթաց արձանագրել` պատասխանելով բոլոր այն հարցերին, որոնց պատասխանները մինչեւ օրս չեն տրվել, այդ թվում` թե ինչ հանգամանքներում են սպանվել 10 անձինք:

«Այնուամենայնիվ, այս վեց ամսվա մեջ որեւէ նոր լուրջ ինֆորմացիա, որը մեզ մոտեցրած կլիներ, թե ինչն էր պատճառը, ոնց եղավ, չունենք», - ասաց նա:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ փաստահավաք խումբ ստեղծելու մասին որեւէ նախագիծ իրենց չի ներկայացվել:

Իսկ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ փաստահավաք խմբի ստեղծման վերաբերյալ որոշումը կարող է լինել «երկուշաբթի օրվանիս սկսած»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG