Մատչելիության հղումներ

«Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածները պատրաստ են Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանը»


Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր հայտարարեց, որ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները հիմնականում պատրաստ են Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանը, եւ ծրագիրը իրագործելու համար որոշակի աշխատանքներ պետք է կատարի թուրքական ՅՈՒՆԻԹ մասնավոր ընկերությունը:

«Մեր մոտ հիմնականում գծերը պատրաստ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսիսյանը: - «Մի հատ ռեւիզիայի խնդիր ունենք, հերթական ռեւիզիան կանենք: Իրենց մոտ կա աշխատանք կատարելու: Չորս ամիս ժամանակ են խնդրել այդ աշխատանքները կատարելու, գծի վերականգնման եւ ավտոտրասֆորմատորի տեղադրման համար, որից հետո արդեն կսկսենք մի քանի օր փորձնական, այնուհետեւ մշտական էլեկտրաէներգիայի մատակարարումը»:

Նախարարը նշեց, որ փոխհամաձայնությունը ձեռք է բերվել բարձր մակարդակով, եւ հազիվ թե լինեն քաղաքական բնույթի խոչընդոտներ:

«Երկարատեւ եւ լուրջ ծրագիր է լինելու», - ասաց նա` հավելելով, որ էլեկտրաէներգիայի գինը տնտեսապես արդյունավետ կլինի եւ կախված կլինի ջերմային էներգիայի եւ գազի գներից: Եթե մատակարարումները իրականացվեն այսօրվա հաշվարկներով, ապա գինը կկազմեր կիլովատտի համար 5,7 ցենտ:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գուլի երեւանյան այցի շրջանակներում թուրքական ՅՈՒՆԻԹ մասնավոր ընկերության հետ պայմանագիր է կնքվել Կարսի միջով դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ: Նախնական պայմանավորվածության համաձայն, մատակարարման ծավալը կազմելու է տարեկան 1,5 մլրդ կիլովատտ/ժամ` հետագայում հասցնելով տարեկան 3,5 միլիարդի:

Արմեն Մովսիսյանը այսօր մասնակցում էր Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջազգային աջակցության համակարգման աշխատանքային երկօրյա խորհրդակցությանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ 1996 թվականից առ այսօր Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման համար դոնոր երկրները տրամադրել են շուրջ 90 միլիոն դոլարի օգնություն:

«Կեսից ավելին` մոտ 50-55 միլիոն դոլարը հատկացվել է Միացյալ Նահանգների կողմից, մյուս մասը` Եվրամիության տարբեր երկրների կողմից: Այսօր այս նախաձեռնությանը միացել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, եւ տասը միլիոն դոլար առաջիկայում անվտանգությանն ուղղված աշխատանքների կատարման համար գումար է հատկացնում», - ասաց Մովսիսյանը:

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը եւ դոնոր երկրները, Մովսիսյանի փոխանցմամբ, ընդունում են Հայաստանի կառավարության դիրքորոշումը, ըստ որի Մեծամորի ատոմակայանը կգործի այնքան ժամանակ, մինչեւ կառուցվի նոր էներգաբլոկը: Շինարարական աշխատանքները արդեն սկսել են, սակայն նախկինում հայտարարված 2 միլիարդ դոլարի փոխարեն 1000 մեգավատտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցումը կարժենա կրկնակի թանկ:

Անցած շաբաթավերջին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման հաջորդ օրը Երեւանում դեսպանների տարեկան հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել էր Հայաստանի համար տարանցիկ այլընտրանքային ուղիների կարեւորության, մասնավորապես` Իրան - Հայաստան գազատարի թողունակության ավելացման աշխատանքները հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտության մասին:

Նախարար Մովսիսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց շրջանառվող ինչպես այն վարկածը, թե Ռուսաստանը գազի սակագինը բարձացնում է` ի պատասխան Հայաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը չճանաչելու, այնպես էլ տեղեկությունները, թե Ռուսաստանի ղեկավարությունը Հայաստանին տեղյակ է պահել, որ կարող է դադարեցվել գազամատակարարումը Վրաստան:

«Մենք պարտավոր ենք պատրաստ լինել», - շարունակեց նա: - «Մի քանի օր առաջ Վրաստանի դեպքերը ամբողջ ընդհանրապես կապը արտաքին աշխարհի հետ կտրեցին, բայց մենք կարողացանք մեր կառավարության, իշխանության հեռատեսության արդյունքում որեւէ լուրջ ցնցում չառաջացնել մեր տնեսության համար, մեր ժողովրդի համար: Նման իրավիճակներին պետք է պատրաստ լինել, եւ նախագահի պահանջը մեզնից հենց դրան է վերաբերում»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG