Մատչելիության հղումներ

«Մուլտի ռեստ հաուս»-ից բռնագանձվել է 285 հազար դոլար


Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը «Մուլտի ռեստ հաուս» ընկերությունից բռնագանձել է 85 միլիոն 486 հազար դրամ կամ մոտ 285 հազար դոլար: Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության հայցով դատարանի կայացրած վճռի հիման վրա բռնագանձված գումարը փոխանցվել է պետբյուջե:

«Մուլտի ռեստ հաուս»-ը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ «Ջրմուղկոյուղի» ընկերությունից բռնագանձել է 15 միլիոն, «Նաիրիտ-2»-ից` 10 միլիոն, «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորումից` 9 միլիոն 623 հազար դրամ` նշված կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքերի մարման նպատակով:

«Ջրմուղկոյուղի» ընկերության դեմ, հաղորդագրության համաձայն, ծառայությունում հարուցվել է ընդհանուր առմամբ 169 վարույթ` 113 միլիոն դրամի պահանջով, որոնցից 148-ը վերաբերում են աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքերին: Հարկադիր կատարման գործընթացը շարունակվում է:

«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը անխտիր շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, չտարբերակելով կատարողական վարույթները ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելուն», - ասված է ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG