Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Հայաստանը եւ Ադրբեջանը ղարաբաղյան խնդիրը կարգավորելու անկեղծ ցանկություն ունեն»


Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «ազնիվ եւ անկեղծ ցանկություն ունեն»: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքու այցից հետո Անկարա վերադարձի ճանապարհին Գյուլը լրագրողներին ասել է, որ վերադառնում է «մեծ բավարարվածության զգացումով եւ լավատեսությամբ»:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը Կովկասում առկա հիմնախնդիրները լուծելու նոր ցանկություն է առաջացրել:

Աբդուլա Գյուլը հերքել է ենթադրությունները, թե Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ պաշտոնական Անկարայի քայլերը հարուցել են Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային սերտ կապեր ունեցող Ադրբեջանի դժգոհությունը:

«Մենք համաձայնեցինք, որ պետք է ջանքեր գործադրենք` փորձելով լուծել հիմնախնդիրը: Եթե այս հնարավորությունը բաց թողնվի, ո՞վ գիտե` ե՞րբ կլինի նոր հնարավորություն: Ամենքն են գիտակցում, որ կարգավորումը կհանգեցնի համակողմանի համագործակցության, որից կշահեն բոլորը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ Աբդուլա Գյուլը Թուրքիայի պետության առաջին ղեկավարն է, ով ժամանել է Երեւան:

Գործակալությունը հիշեցնում է նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հանդես է եկել այս ամիս ավելի ուշ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG