Մատչելիության հղումներ

Փոլ Գոբլ. «Ազգերի ինքնորոշման իրավունքը քարտեզի գծերից կարեւոր է»


«Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է հրաժարվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից եւ սկսել երկկողմ բանակցություններ. միջնորդական այս եռակողմ ձեւաչափը ոչ մի տեղ չի տանում, եւ դա հայտնի էր առաջին իսկ օրվանից», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ամերիկացի հայտնի քաղաքագետ, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ղեկավար Փոլ Գոբլը:

«Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները Ստալինի ներդրած թունավոր հաբերն են», - ընդգծել է ամերիկացի քաղաքագետը եւ մանրամասնել. - «Խորհրդային Միության հայրը սահմաններ գծելիս աշխատում էր վառ պահել էթնիկ հակամարտությունների կրակը` ենթադրելով, որ Մոսկվայի աջակցությունը ստանալու դիմաց փոքրամասնությունները ստիպված կլինեն հետեւել կենտրոնի թելադրած քաղաքականությանը»:

«Հիմնականում հայերով բնակեցված Lեռնային Ղարաբաղի ընդգրկումը Ադրբեջանի տարածքում այդ քաղաքականության ամենահայտնի, սակայն ոչ միակ օրինակն է», - ասել է Գոբլը, ով գրեթե քառորդ դար եղել է Խորհրդային Միության ազգային փոքրամասնությունների հարցերով Միացյալ Նահանգների կառավարության փորձագետը:

«1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, Միացյալ Նահանգները որոշեց, որ հանրապետությունների սահմանները, որոնք, իմ կարծիքով, հատուկ գծագրվել էին ոչ թե էթնիկ եւ միասեռ պետություններ ստեղծելու, այլ ազգամիջյան լարվածություն եւ բախումներ հրահրելու նպատակով, կընդունվեն հենց այդ տեսքով` առանց հաշվի առնելու, որ այդ սահմանազատման միակ պատճառը Ստալինի ցանկությունն էր», - նշել է նա:

«Միացյալ Նահանգները չպետք է դառնա Ստալինի որդեգրած քաղաքականության երաշխավորը», - պնդել է ամերիկացի հայտնի քաղաքագետը եւ հավելել. - «Քարտեզի գծերից առավել ես կարեւոր եմ համարում մարդկանց իրավունքները: Ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի կարեւոր է. ես դրա կողմնակիցն եմ: Խորհրդային Միության փլուզումից հետո` 17 տարի շարունակ, մի կողմ դնելով այս սկզբունքը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության օրակարգից, մենք հիմա խիստ դժվարին խնդրի առաջ ենք կանգնել: Այժմ մենք պետք է սկսենք խոսել բանակցային ճանապարհով լուծումներ գտնելու կոնկրետ մեխանիզմների մասին, ոչ թե թույլ տանք, որ որոշ «պայծառ» ուղեղներ որոշեն հակամարտությունները լուծել ռազմական ճանապարհով»:

«Վրաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդները ստիպված մինչ օրս` Խորհրդային Միության փլուզումից 17 տարից անց, կուլ են տալիս Ստալինի ներդրած թունավոր հաբերը», - անցած շաբաթ Moscow Times-ում գրել էր ամերիկացի քաղաքագետը եւ կանխատեսել` վրաստանյան իրադարձությունները դրա ամենաթարմ, սակայն ոչ վերջին վկայությունն են:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG