Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«2008 թվականին տեղի ունեցած քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում դե ֆակտո այլեւս գոյություն չունեն ընտրովի պաշտոններ: Նախագահի պաշտոնը նշանակովի է, թաղապետի պաշտոնը նշանակովի է, Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնները նշանակովի են, խորհրդարանի նախագահի պաշտոնը կրկին նշանակովի է», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իսկ ընտրողները` քաղաքացիները, ովքեր •նում են ընտրությունների, ընդամենը ծխածածկույթի դեր են կատարում»:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունների հանրային ուսումնասիրության հանձնաժողովում երեկ ցուցադրված տեսանյութին, «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ընդդիմության ձեւավորած հանձնաժողովն իր բոլոր եզրակացությունները հիմնավորում է համապատասխան տեսագրություններով, իսկ իշխանական հանձնաժողովը, չգիտես ինչու, նման տեսագրությունների խիստ պակաս է զգում: Ըստ երեւույթին, պատճառն այն է, որ առկա տեսագրությունները չեն համապատասխանում հանձնաժողովին տրված առաջադրանքի տառին եւ ոգուն: Ուստի հանձնաժողովը գերադասել է յոլա գնալ գրեթե առանց տեսագրությունների»:

«Ազգ»-ի հայացքով` այս անգամ «տեսախցիկներն ու հեռախոսները նկարահանել էին ոչ թե ծեծվող ոստիկաններ, ջարդուփշուր արվող մեքենաներ ու թալանվող խանութներ, այլ ճիշտ հակառակը` զինված ոստիկաններ եւ ուժային կառույցների աշխատակիցներ». - «Կադրերում մատնացույց են արվում զենքը ձեռքերին կանգնած ոստիկաններ, ավտոմատներով զինված դիմակավոր զինվորականներ, մի քանի հոգով առանձին երիտասարդ քաղաքացիների ծեծող համազգեստով մարդիկ… Ֆիլմում ցուցադրվում են ե՛ւ ընտրության ժամանակ լցոնման պահին կատարված կադրեր, ե՛ւ Ազատության հրապարակը մաքրելիս, այսպես ասած, առարկայական ապացույցների վերացումը, անգամ չարաբաստիկ ռումբի պայթյունը, որն իր մարմնով ծածկել էր ոստիկանության սպա Թադեւոսյանը»:

Արմեն Սարգսյանին ազատ արձակելու վերաբերյալ «Հրապարակ»-ը գրում է. - «Ակնհայտ է, որ նրա վերաբերյալ քաղաքական որոշում է կայացվել, իսկ նման որոշումներ Հայաստանում կարող է կայացնել մի անձ` Հայաստանի նախագահը»: Թերթը հիշեցնում է. - «Արմեն Սարգսյանը ձերբակալվեր էր 2003-ի մարտին, նախագահական ընտրություններից անմիջապես հետո` Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով: Ընդ որում, սպանության բացահայտման մասին հայտարարվեց հենց ընտրությունների օրը` արդյունքների հրապարակումից առաջ… Սպանությունն իրականացրած անձանց խմբի մեջ Արմեն Սարգսյանին ներգրավելը քարոզչական եւ քաղաքական նպատակ ուներ»:

«Ազգային ժողովի նախագահի փոփոխությունը, որը ձեռնարկել է Հանրապետական կուսակցությունը, անշուշտ, հիմնավորումների կարիք ունի», - խմբագրականում գրում է «Առավոտ»-ը: - «Ընդհանրապես՝ դա նորմալ քայլ է. խորհրդարանում համոզիչ մեծամասնություն ունեցող կուսակցությունը իրավունք ունի նման փոփոխություն նախաձեռնել, սակայն պետք է հասարակությանը բացատրի, թե ինչ նպատակներ է դրանով հետապնդում: Սակայն հանրապետականների մեծ մասը լռում է պարտիզանների նման, ստիպելով լրագրողներին ու մեկնաբաններին՝ գուշակություններ եւ ենթադրություններ անել: Թե’ Տիգրան Թորոսյանը, թե’ Հովիկ Աբրահամյանը, բոլոր քաղաքական գործիչների նման, ունեն իրենց ուժեղ ու թույլ կողմերը, եւ շատ բնական է, որ մարդիկ ցանկանում են հասկանալ, թե նրանց փոխատեղումը առաջինի կոնկրետ ո՞ր թերացումներով ու երկրորդի ո՞ր արժանիքներով է պայմանավորված»:

«Հայք»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ է հրավիրել ՀՀԿ-ի խորհրդի անդամներին եւ ըստ էության ոչ պաշտոնապես խորհրդի նիստ է արել: Հասկանալի է, որ քննարկման միակ թեման եղել է Տիգրան Թորոսյանի պաշտոնանկման հարցը: Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք է ամեն գնով համոզել Տիգրան Թորոսյանին ինքնակամ հրաժարական ներկայացնել եւ պետք է ամեն գնով խուսափել աղմուկից»:

«Ժամանակ Երեւան»-ի հարցազրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է. - «Ինձ համար պարզ է մի բան` Քոչարյանն այս 10 տարիներին զբաղվել է ինքնահարստացմամբ: Նրան հաջորդած իշխանությունը նույնպես վատն է` կոռումպացված է եւ ստախոս: Բացի այդ, մարտի 1-ից հետո իշխանությունները է'լ ավելի են լկտիացել: Եթե այդպես գնա, պետություն կկորցնենք»: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու վերջին նախաձեռնությունների մասին, Հրանտ Բագրատյանը նկատում է. - «Այդտեղ մի քիչ չափն անցավ. կարելի էր Գյուլին հրավիրել ֆուտբոլ դիտելու, բայց խոսել հանձնաժողով ստեղծելու մասին… մեզ արդեն ամոթանք են տալիս դրսում: Այստեղ դա չի մատուցվում ժողովրդին, իսկ դրսում դա խայտառակ ձեւով գցեց Հայաստանի վարկը: Հայաստանը կարող է ասել` որքան ուզում եք ուսումնասիրեք, բայց Հայաստանը իրավունք չունի նստել քննարկելու` Եղեռն եղե՞լ է, թե՞ ոչ: Այստեղ Սերժ Սարգսյանը փորձեց Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեն»:

Ազգային ժողովի փոխնախագահ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Եթե Գյուլի այցի առիթով բողոքի ցույցեր չլինեին, մեզ չէին հասկանա մեր իսկ դաշնակիցները, բոլոր այն քաղաքակիրթ երկրները, այն պետությունների պառլամենտները, միջազգային կազմակերպությունները, այն առաջադեմ մարդիկ, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Մեզ չէր հասկանա անգամ Գյուլն ու թուրք ժողովուրդը, քանի որ նրանք էլ գիտեն, որ ցեղասպանությունը եղել է… Հավատացած եմ նաեւ, որ իր յուրաքանչյուր քայլը Հայաստանի նախագահը պայմանավորել էր եւ բխեցրել էր մեր ազգային եւ պետական շահերից: Մենք, որպես կոալիցիայի մաս, առնվազն այդ հավաստիացումներն ունենք»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG