Մատչելիության հղումներ

Վրաց - ռուսական պատերազմի կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից հատկացվելիք լրացուցիչ օգնության փաթեթում Հայաստանը ներառված չէ: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում երեկ կայացած լսումների ժամանակ:

«ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունները վրացական ճգնաժամից հետո» թեմայով լսումների ժամանակ պատասխանելով Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին` արդյոք Միացյալ Նահանգների վարչակազմը նախատեսո՞ւմ է տնտեսական օգնություն տրամադրել նաեւ Հայաստանին, որը, կոնգրեսականի վկայությամբ, հսկայական վնասներ է կրել Վրաստանում վերջին իրադարձությունների հետեւանքով, Ֆրիդը ասել է. - «Հայաստանը տուժել է դրա հետեւանքով: Մեր օգնության փաթեթը` լրացուցիչ օգնության փաթեթը, չի ներառում Հայաստանը, սակայն, անշուշտ, Հայաստանը ամերիկյան օգնության կարեւոր հասցեատեր է: Կարծում եմ, նա աշխարհում երկրորդ մեծ, կամ գուցե ամենամեծ ամերիկյան օգնություն ստացողն է մեկ շնչի հաշվով, եւ մենք մտադիր ենք շարունակել ուժեղ օժանդակությունը Հայաստանին»:

«Բացի այդ, մենք, ինչպես գիտեք, խրախուսում ենք ինչպես Հայաստանին, այնպես էլ նրա երկու հարեւաններին` Թուրքիային եւ Ադրբեջանին, աշխատելու իրենց միջեւ առկա տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ», - հայտարարել է Ֆրիդը` հավելելով. - «Մենք ուրախ էինք, որ Հայաստանի նախագահը հրավիրեց նախագահ Գյուլին Երեւան, եւ ուրախ ենք նաեւ, որ նախագահ Գյուլը ընդունեց հրավերը»:

Նշելով, որ Հայաստանի կառավարության գնահատմամբ` վրաց - ռուսական հակամարտությունը արդեն իսկ շուրջ 680 միլիոն դոլարի վնաս է հասցրել իր տնտեսությանը, Բրեդ Շերմանը պետքարտուղարի տեղակալին խնդրել է համեմատել այդ թիվը 2009 թվականին ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Հայաստանի համար առաջարկվող օգնության ծավալների հետ: Ի պատասխան` Դենիել Ֆրիդը խոստացել է ուսումնասիրել Հայաստանի կրած վնասները` թե ինչի՞ վրա են հիմնված «այդչափ մեծ գնահատականները»:

«Մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ: Ուրախ եմ, որ շուտով մեր դեսպանը կգնա այնտեղ, եւ մենք հուսով ենք, որ Հայաստանի հարաբերական մեկուսացմանը վերջ կտրվի: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրա սահմանները բացվեն, հարաբերությունները բարելավվեն, եւ մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - ամփոփել է Դենիել Ֆրիդը:

Այս տարվա փետրվարին ներկայացրած բյուջեի նախագծով Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր 2009 թվականին Հայաստանին հատկացվելիք ամերիկյան օգնության ծավալը 2008-ի համեմատ կրճատել մոտ 60 տոկոսով, դարձնելով այն 24 միլիոն դոլար` ընթացիկ տարվա 58 միլիոնի դիմաց: Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը, սակայն, Հայաստանի համար հաստատել է 52 միլիոն դոլարի օգնություն: Օգնության վերջնական ծավալները Կոնգրեսի կողմից առայժմ հաստատված չեն:

Ռուսաստանի հետ պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար Վրաստանը Միացյալ Նահանգներից ստանալու է շուրջ մեկ միլիարդ դոլարի օգնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG