Մատչելիության հղումներ

Ամբերին Զաման. «Բոլոր պատճառներն ունենք լավատես լինելու համար»


«Էկոնոմիստ» պարբերականի եւ թուրքական «Թարաֆ» թերթի թղթակից Ամբերին Զամանը, ով նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կինն է, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «պատմական քայլ» որակեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երեւան` ընդգծելով, որ այն կարեւորագույն նշանակություն ուներ երկու երկրների հարաբերությունների համար:

«Ես կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիային բարեկամության ձեռք մեկնելու քայլը շատ խիզախ որոշում էր, քանի որ ներքաղաքական առումով դա ռիսկային էր: Այս այցը նույնչափ ռիսկային էր նաեւ Աբդուլա Գյուլի համար, քանի որ նա վստահ չէր, թե ինչ խնդիրների առջեւ կկանգնի այստեղ` Հայաստանում. խոսքը ցույցերի կամ ֆուտբոլային խաղի ընթացքում հնարավոր տհաճ միջադեպերի մասին է: Եվ բնականաբար, վերադառնալով Թուրքիա` նա կարող էր քննադատության ենթարկվել, թե վարկաբեկել է իր երկիրը», - նշեց Զամանը` ամփոփելով. - «Մի խոսքով` երկու կողմերն էլ մեծ ռիսկի գնացին, բայց ես վստահ եմ, որ զարգացումներն ընթանում են դրական ուղղությամբ»:

Ի պատասխան այն հարցի, թե որքանո՞վ հավանական է համարում հայ - թուրքական սահմանի բացումը, Ամբերին Զամանը միանշանակ կարծիք հայտնեց, որ դրա համար ռեալ պայմաններ կան:

«Ես գիտեմ, որ Հայաստանը շատ է ցանկանում, որ սահմանները բացվեն, բայց դա անելու համար Թուրքիան պետք է որոշակի առաջընթաց արձանագրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, քանի որ առաջին հերթին հենց այդ պատճառով է սահմանը փակվել», - ասաց թուրք լրագրողը: - «Ես չեմ կարող պատկերացնել, որ Թուրքիայում որեւէ կառավարություն կբացի այդ սահմանը, մինչեւ որ ի վիճակի չլինի թուրք հասարակությանը եւ Ադրբեջանին ասել, որ «նայեք` բացումը կօգնի առաջ տանել բանակցային գործընթացը, եւ այդ հարցում ինչ-որ բանի արդեն հասել ենք»:

«Չեմ կարծում, որ սահմանի բացումը շատ մոտ ապագայում հնարավոր է` դրա համար Ղարաբաղի հարցում զիջումներ են պետք, բայց, ամեն դեպքում, մենք բոլոր պատճառներն ունենք լավատես լինելու համար», - հայտարարեց Ամբերին Զամանը:

Նա իր կարծիքը հնչեցրեց նաեւ Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ. նա ասաց, թե չի կարծում, որ որեւէ հայ, այդ թվում նախագահ Սերժ Սարգսյանը, կասկածի տակ է դնում «այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին». - «Այն, ինչին նա, այդուհանդերձ, համաձայն է… եւ պատմաբանները, եթե ուզում են խոսել այդ մասին, թող խոսեն: Բայց դա չի նշանակում, որ նա կասկածի տակ է դնում պատմությունը: Նույնը նաեւ Թուրքիայի դեպքում է: Ես չեմ կարծում, թե պատմաբանների այդ հանձնաժողովը ստեղծելով, Թուրքիան ընդունում է ցեղասպանության փաստը»:

Թուրքիայում ընդդիմությունը քննադատել էր Աբդուլա Գյուլին Սերժ Սարգսյանի հրավերը ընդունելու համար: Հարցին, թե արդյոք ընդդիմությունը դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, «Էկոնոմիստ»-ի թղթակիցը պատասխանեց, թե ընդդիմությունն իրենց երկրում դեմ է արտահայտվում «ցանկացած լավ բանի». - «Նրանք դեմ են արտահայտվում Թուրքիայի Եվրամիությանն անդամակցությանը, Կիպրոսի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ քրդերի հետ քաղաքական համաձայնության գալուն: Եթե դուք նայեք հասարակական կարծիքի վերջին հարցումները, ապա կտեսնեք, որ նրանց վարկանիշը գնալով նվազում է: Այնպես որ, ես շատ լուրջ չէի վերաբերվի այն ամենին, ինչ նրանք ասում են»:

Իսկ Թուրքիայի հասարակությունը, ըստ Զամանի, «միանգամայն պատրաստ է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ». - «Ես կարծում եմ, որ մենք պետք է հիշենք նաեւ Հրանտ Դինքի դերակատարությունը այս ամենում: Նրա մահը շրջադարձային դեր ունեցավ թուրք հասարակության համար: Ինչպես հիշում եք, հարյուր հազարավոր մարդիկ մասնակցեցին նրա հուղարկավորությանը` ասելով, որ իրենք բոլորը հայ են: Ես կարծում եմ, որ Թուրքիայի ժողովուրդը գիտակցեց, որ սարսափելի բան է տեղի ունեցել իրենց երկրում հայ ժողովրդի հետ… Այժմ կա այդ գիտակցումը, որ եկել է վերքերը բուժելու ժամանակը»:

Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարի կինը, հարցին, թե ինչպես է իրեն զգում Հայաստանում, պատասխանեց. - «Ես պաշտում եմ Հայաստանը: Ես ինձ այստեղ զգում եմ, ինչպես իմ երկրում: Անհավատալի է, թե մեր երկու երկրները որքան նման են իրար»:

«Մենք շատ երջանիկ ենք այստեղ, կցանկանայի, որ այստեղ մնայինք ընդմիշտ», - զրույցը եզրափակեց Ամբերին Զամանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG