Մատչելիության հղումներ

Իրավապահները ցրել են հացադուլավոր կանանց ակցիան Հյուսիսային պողոտայում


Երեկ երեկոյան ոստիկանները ցրել են մի խումբ կանանց ակցիան, ովքեր Հյուսիսային պողոտայում անժամկետ հացադուլ էին նախաձեռնել:

Հացադուլի պահանջը, ինչպես ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր ակցիայի մասնակիցներից Անահիտ Գրիգորյանը, «մեկն է` ազատել քաղբանտարկյալներին»: «Տեղեկացվել է քաղաքապետարանը, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը եւ Կարմիր խաչը», - վստահեցրել էր նա:

Կանանց վկայությամբ` երեկոյան ոստիկանությունը «կարմիր բերետավորների» հետ բավական կոպիտ կերպով ցրել է Հյուսիսային պողոտայում հավաքվածներին եւ հացադուլ հայտարարած կանանց բռնի ուժով ոստիկանական ավտոմեքենաներ նստեցրել. նրանց տարել են մինչեւ «Այրարատ» կինոթատրոն, ապա բաց թողել:

Ուշ երեկոյան ոստիկանական բաժանմունք է տարվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

«Ինձ մոտեցավ ոստիկանության ներկայացուցիչ Օսիպյանը եւ բավականին բարձր տոնով սկսեց խոսել ինձ հետ, գոռգոռալով», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր պատմեց Կարապետյանը: - «Երբ ես փորձեցի սաստել եւ հանգստացնել` ասելով, որ հարկ է նորմալ շփվել քաղաքացիների հետ, նա սկսեց ինձ հրել դեպի այն խումբը, ուր կանգնած էին Կենտրոնի ոստիկանության բաժնի պետը, իր տեղակալը եւ մի շարք այլ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք բավականին կոպիտ սկսեցին խոսել ինձ հետ: Ոստիկանության բաժնի պետը հրամայեց իր աշխատակիցներին ինձ ձերբակալել եւ տանել Կենտրոնի բաժին: Այնտեղ եւ անցկացրեցի շուրջ կես ժամ: Որեւէ բացատրություն չտվեցին, թե ինչու համար են բերման ենթարկել: Ես վստահ չեմ, որ ինձ գրանցել են Կենտրոնի բաժնում, եւ կարծում եմ, որ հարկ է իրավական գործողությունների գնահատական պահանջել Կենտրոնի ոստիկանության բաժնի պետից»:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` ոստիկանական բաժանմունքներում երեկվա միջադեպի հետ կապված մարդիկ չկան:

Տեղի ունեցածի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Գլուխը կորցրած վարչախումբը անցնում է ոչ միայն օրինականության ու բարոյականության, այլեւ տրամաբանության ու բանականության բոլոր սահմանները՝ ստիպելով ոստիկանությանը դիմել ապօրինի գործողությունների։ Մարդու իրավունքների ամենատարրական դրսեւորումները, ամեն մի պլակատ, բողոքի ակցիա ավազակապետության պարագլուխներին հասցնում է շիզոֆրենիայի։ Այս ամենը իրոք վարչախմբի իրական հոգեվարքի ախտանշաններ են. դա անխուսափելի է սեփական ժողովրդի համապարփակ ատելությունը վաստակած, ոչ լեգիտիմության ներքին գիտակցումով ու բարդույթով տառապող ամեն մի ռեժիմի համար»։


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG