Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կարող է վերացնել վիզային ռեժիմը Ուկրաինայի քաղաքացիների համար


Եվրամիությունը առաջիկայում կարող է վերացնել վիզային ռեժիմը Ուկրաինայի քաղաքացիների համար: Երեկ Փարիզում տեղի ունեցած ԵՄ - Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Եվրամիությունը ուկրաինական կողմի հետ քննարկելու է վիզային ռեժիմի վերացման պայմանները` հաշվի առնելով խնդրի կարեւորությունը Ուկրաինայի քաղաքացիների համար:

«Սա հավակնոտ նպատակ է, որը ժամանակ է պահանջելու, բայց որի շուրջ որոշել ենք համատեղ աշխատել», - ասել է Սարկոզին` ընդգծելով, որ Ուկրաինային ու Եվրամիությանը միավորում են ընդհանուր արժեքներ, եւ որ ինքն անձամբ Ուկրաինան միշտ համարել է եվրոպական երկիր:

Գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրները եւ Ուկրաինան որոշել են ասոցիատիվ հարաբերությունների մասին համաձայնագիր կնքել, որը կարող է ստորագրվել արդեն 2009 թվականին: Այն կոչված է կարգավորել կողմերի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները, ստեղծել ազատ առեւտրի գոտի եւ որոշել ապագա քաղաքական երկխոսության ձեւաչափը: Եվ թեեւ առայժմ խոսք չկա Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, այդուհանդերձ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վստահ է, որ համաձայնագրի ստորագրումը իր երկրի առջեւ կբացի եվրոպական ընտանիքին անդամակցության ճանապարհը:

«Այս համաձայնագիրը հենվում է նույն սկզբունքների վրա եւ նման է այն համաձայնագրերին, որ 1990-ականներին կնքվել են Եվրամիությանը վերջերս անդամակցած երկրների հետ: 15 երկիր այն ժամանակ ստացան ասոցիացված անդամի կարգավիճակ, այնուհետեւ մտան Եվրամիություն», - ընդգծել է Յուշչենկոն:

Ֆրանսիայի նախագահն այդ առիթով նկատել է, որ ստորագրվելիք փաստաթուղթը չի ենթադրում Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարներ, սակայն նաեւ չի բացառում դա:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG