Մատչելիության հղումներ

Վիսենտե դել Բոսկե. «Մեր հիմնական մրցակիցը մենք ինքներս ենք»


Իսպանական Ալբասետե քաղաքի «Լա Ֆերիա» մարզադաշտում այսօր տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության 5-րդ ընտրական խմբում ընդգրկված Իսպանիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցանկում Իսպանիան գրավում է առաջին տեղը, իսկ Հայաստանը՝ 98-րդ: Իսպանացիները 5-րդ ընտրական խմբում առաջին հանդիպումն անցկացրել են Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի դեմ եւ բավական դժվարին պայքարում հաղթել նվազագույն` 1:0 հաշվով: Հայաստանի թիմը Երեւանում զիջել է Թուրքիային 0:2 հաշվով:

«Եթե շահել ես Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ապա պետք է գիտակցես, որ ցանկացած մրցակից երազելու է քեզ պարտության մատնելու մասին: Մենք պարտավոր ենք շատ լուրջ պատրաստվել այս առաջին հանդիպումներին եւ անտեղի միավորներ չկորցնել», - «Մարկա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է իսպանացիների կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

Իսպանիայի հավաքականի հարձակվողներ Ֆերնանդո Տորեսն ու Դավիդ Սիլվան վնասվածքներ ունեն, բոսնիացիների դարպասը գրավել է Դավիդ Վիլան: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մտադիր է ուժեղացնել հավաքականի հարձակման գիծը: «Մենք այնպես կանենք, որ Վիլան մենակ չմնա, նրան կօգնի կիսապաշտպաններից մեկը», - ասել է 57-ամյա դել Բոսկեն:

Այսօր Իսպանիայի կազմում կարող է առաջին անգամ դաշտ դուրս գալ 18-ամյա խոստումնալից հարձակվող Բոյան Կրկիչը:

«Ասոշիեյթեդ փրես»-ը ենթադրում է, որ իսպանացի ֆուտբոլիստները այսօր փորձելու են խոշոր հաշվով հաղթել: «Հայաստանի հետ խաղում պարտավոր ենք դրսեւորել բոսնիացիների դեմ ցուցաբերած նույն ունակությունները. չթերագնահատել մրցակցին, բոլոր ուժերը տալ հաղթանակին, կենտրոնանալ խաղի վրա: Ես արդեն մի առիթով նշել եմ, որ մեր հիմնական մրցակիցը մենք ինքներս ենք», - ասել է Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG