Մատչելիության հղումներ

Շարունակվում են սարոյանական օրերը


Վիլյամ Սարոյանի ծննդավայր Ֆրեզնոյում այս օրերին շարունակվում են գրողի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Փետրվարի 26-ին Ֆրեզնոյի համալսարանի մեծ դահլիճում ելույթ է ունեցել Հայաստանի «Շողակն» համույթը: Եվ քանի որ Սարոյանը շատ է սիրել երթեւեկել հեծանիվով` նրա ծննդավայրում կազմակերպվել է նաեւ հեծանվարշավ:

«Հայաստանում սարոյանական միջոցառումների շարքը նույնպես շատ հագեցած է», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր նշեցին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ու մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը:

Անցյած տարի ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովը Հայաստանում մշակել է Սարոյանական միջոցառոմերի մի ամբողջ շարք:

Եղիշե Չարենցի տուն-թանագրանում կազմակերպվել է ցուցադրություն «Սարոյանն ու Հայաստանը» խորագրով: Բացի պետական միջոցառումներից, այլ կազմակերպություններ, դպրոցներ ինքնակամ միացել են միջոցառումների շարքին:

«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել են Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր, սարոյանագետ Տիգրան Գույումջյանը Երեւանում անցկացրել է վարպետության դասընթաց:

Հայփոստը նույնպես մասնակցում է գրողի հոբելյանին նվիրված միջոցառումներին` արդեն պատրաստ են Սարոյանի պատկերով դրոշմանիշները:

Հոկտեմբերին մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում կտեղադրվի նաեւ գրողի արձանը. հեղինակը քանդակագործ Դավիթ Երեւանցին է:

Բանասիրական եւ արվեստի թեքումով բուհերում կսահմանվեն Վիլյամ Սարոյանի անվան առաջադիմության կրթաթոշակներ: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ավելացրեց, որ ավելի քան 10 անուն գրականություն է տպագրվելու:

Ամենամյա թատերական «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում կներկայացվեն Սարոյանին նվիրված մի շարք բեմադրություններ:

Իսկ հոկտեմբերի 6-10-ը Երեւանում կկազմակերպվի «համաշխարհային մշակույթը եւ ազգային հենքը» խորագրով միջազգային գիտաժոովը:

Գլխավոր միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Սունդուկյանի անվան թատրոնում:

«Պիտի կարողանանք հայի տեսակը Սարոյանով ներկայացնել աշխարհին», - ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ու հավելում, որ այս հոբելյանը պիտի վերածվի նաեւ խաղաղության կոչի ամբողջ աշխարհում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG