Մատչելիության հղումներ

logo-print
Վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունը այսօրվանից բենզինի եւ դիզելային վառելիքի գները կիջեցնի 20 դրամով: Ընկերության փոխնախագահ Մուշեղ Էլչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս քայլը բացատրեց Վրաստանի հետ բեռնափոխադրումների կանոնավոր ծավալների վերականգնմամբ եւ միջազգային շուկայում վառելիքի գների որոշակի անկմամբ:

«Գները մենք իջեցնում ենք, բոլոր տիպի վառելիքների գները միանգամից իջնելու են 20 դրամով: Երեկ ռեգուլյար բենզինի գինը լցակայաններում 410 դրամ էր, այսօր լինելու է 390 դրամ` մեկ լիտր բենզինի գինը: Դիզվառելիքի գինը երեկ 420 դրամ էր` այսօր 400 դրամ է լինելու լցակայաններում», - ասաց Էլչյանը: - «Եվ եթե միջազգային շուկայում խոշոր տատանումներ չլինեն, այսինքն` գները մնան այս վիճակով եւ մեծ շեղումներ չլինեն, ապա հնարավոր է, որ մենք մոտ ժամանակներս գները էլի մի 10-20 դրամով իջեցնենք»:

«Ընդհանրապես, վերջին 5 ամիսների կտրվածքով, համաշխարհային շուկայում մեկ բարել նավթի գինը ամենացածր մակարդակի վրա է գտնվում, եւ դա մեզ հնարավորություն է տալիս, որ մենք էլ այստեղ իջեցնենք վառելիքի գները», - նշեց «Ֆլեշ»-ի փոխնախագահը` ընդգծելով. - «Դա ինչ-որ սենսացիոն բան չէ` սովորական շուկայական հարաբերություններ են»:

Մուշեղ Էլչյանը տեղեկացրեց նաեւ, որ «Ֆլեշ»-ը Իրանի տարածքով ներկրում է դիզելային վառելիք. - «Մենք այս ընթացքում մոտավորապես 1500 տոննա դիզելային վառելիք կարողացանք ներկրել, այսօր նույնպես շարունակում ենք դիզելային վառելիք ներկրել, եւ դիզելային վառելիքի որոշակի քանակ մենք մշտապես կներկրենք Իրանի տարածքից: Դա մեզ թույլ է տալիս նաեւ որոշակիորեն զսպել Վրաստանի մեր գործընկերների ախորժակները, որոնք ուզում էին որոշակի բարձրացումներ կատարել` կապված ճանապարհածախսի հետ»:

«Այդ հարցը առաջացավ նույնիսկ Ռուսաստանի հետ պատերազմից առաջ: Նրանք [վրաց գործընկերները] վերջին ամիսներին արդեն խնդիր էին դրել` ուզում էին միանգամից կտրուկ բարձրացնել գները, մենք ասացինք` «մենք այդքան էլ կախված չենք ձեր շուկայից, կարող ենք այլընտրանքային ճանապարհներով վառելիք ներկրել Հայաստան»: Նրանք համոզվեցին, որ մենք կարող ենք Իրանի տարածքով էլ բերել, եւ դա այսօրվա դրությամբ որոշակիորեն զսպում է իրենց ախորժակը», - ասաց «Ֆլեշ» ընկերության փոխնախագահը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG