Մատչելիության հղումներ

logo-print

Սարկոզին եւ Մեդվեդեւը համաձայնության եկան Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերման ժամկետների շուրջ


«Բոլոր ռուսական խաղաղարար ուժերի դուրսբերումը 5 դիտորդական կետերից` Փոթիից մինչեւ Սենակի գծով, տեղի կունենա առավելագույնը 7 օրվա ընթացքում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ երեկ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո:

Բացի այդ, Մեդվեդեւի հավաստմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարակից գոտիներից կիրականացվի այդ շրջաններում միջազգային մեխանիզմների, այդ թվում Եվրամիության 200 դիտորդների տեղակայման պահից սկսած 10 օրվա ընթացքում. դա տեղի կունենա մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Նիկոլա Սարկոզին, իր հերթին, հայտնել է, թե ինքը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրամիության արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան ստորագրել են մի նամակ, որով երաշխավորել են ուժի չկիրառման սկզբունքին Եվրամիության աջակցությունը:

Սարկոզին տեղեկացրել է նաեւ, որ անձամբ նախագահ Մեդվեդեւին է հանձնել Միխեիլ Սահակաշվիլիի կողմից ստորագրված մի նամակ, որտեղ Վրաստանի նախագահը պարտավորվել է ուժ չկիրառել Աբխազիայում, իսկ Հարավային Օսիայի դեմ ուժի չկիրառման պարտավորությունը Սահակաշվիլին արդեն ստորագրել էր օգոստոսի 12-ին:

«Ես լիովին ընդունում եմ, որ ոչ բոլոր հարցերն են լուծվել, բայց այն, ինչ այսօր լուծվեց, բավական շոշափելի է», - ասել է Սարկոզին:

Ռուսաստանի նախագահը կրկին մեղադրել է Միխեիլ Սահակաշվիլիին պատմական բարդ խնդիրները մեկ քայլով, ուժի միջոցով լուծելու փորձ անելու մեջ:

Ռուս - վրացական բախումների սկսվելուց հետո Ֆրանսիայի միջնորդությամբ օգոստոսի 12-ին կնքվել է 6 կետից կազմված հաշտության համաձայնագիր, որը, սակայն, ինչպես պնդում են Արեւմուտքն ու Վրաստանը, ռուսները ոչ ամբողջությամբ են կատարել, մասնավորապես` դուրս չեն բերել իրենց ստորաբաժանումները Վրաստանի տարածքից:

Երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներում:

Փորձագետների կարծիքով` էներգետիկ հարուստ պաշարներ ունեցող Ռուսաստանի համար այս քայլը ավելի շատ խորհրդանշական իմաստ կունենա: Սակայն, ինչպես «Ասոշիեյթեդ փրես» գործակալության մեկնաբանն է նկատում, չի բացառվում, որ պաշտոնական Վաշինգտոնը վերսկսի վրացական բանակը վերազինելու ծրագիրը: Վրաստանը կարող է Վաշինգտոնից արդիական հակաօդային ու հակատանկային զենքեր ստանալ, ինչը, անկասկած, կհարուցի պաշտոնական Մոսկվայի վրդովմունքը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG