Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արյունոտ ընտրություններ Արաբկիրում», «Չընտրություններ», «Ընտրությունների ելքը որոշվեց առավոտյան դանակահարությամբ», «Խայտառակ թափանցիկ ընտրություններ», «Վայ ընտրություններ». ահա այսպիսի վերնագրերով է այսօրվա մամուլն անդրադառնում կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, մասնավորապես` Արաբկիրի համայնքի ղեկավարի ընտրությանը: «Հրապարակ»-ը ընդհանրացնում է. - «Եթե պետության երկրորդ դեմքը կարող է պալատական ինտրիգների արդյունքում հեռացվել իր պաշտոնից եւ դա կարող է արվել իշխող կուսակցության «գողական սխոդկայի» արդյունքում, որտեղ առանց որեւէ մեկնաբանության կարող են աննպատակահարմար գտնել նրա հետագա պաշտոնավարումը, ուրեմն պետք չէ զարմանալ, որ Շտիռլից Աբոյի կողմնակիցները մրցակցի վստահված անձին են դանակահարում: Եթե բոլորիս աչքի առաջ կարող են ոլորել պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող երեք անձանց ձեռքերը եւ, նվաստացնելով, «վորոնոկ» նստեցնել, ապա պետք չէ զարմանալ, որ օլիգարխների սափրագլուխները կին լրագրողի վրա են հարձակվում եւ հենց փողոցում նրա հետ հաշվեհարդար տեսնում: Եթե մինչեւ 65 տարին պաշտոնավարելու սահմանադրական իրավունքից օգտվող դատավորին մի անհաճո դատավճռի համար գործից ազատում են, ուրեմն պետք չէ բողոքել, որ բանտերում բազում անմեղ մարդիկ են նստած… Մարդիկ, որոնք այս ռեժիմի եւ նրա հենարանների ունեցվածքին եւ կարգավիճակին են սպառնում, պետք է բանտերում լինեն, այնպես, ինչպես ռեժիմին ստրկորեն ծառայողները` պալատներում»:

«168 ժամ»-ի գնահատմամբ, կիրակի օրը Երեւանի չորս համայքներում կայացած ընտրությունները ապացուցեցին, որ «փետրվարի 19-ի եւ մարտի 1-ի սինդրոմը դեռեւս հաղթահարված չէ». - «Ողջ օրը Արաբկիր համայնքի բնակիչների շրջանում վախի ու ահաբեկության մթնոլորտը ապահովվել է պետական մեքենայի եւ քրեական հեղինակությունների համագործակցության շնորհիվ»: Նույն համայնքի մասին «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Արաբկիրի ընտրությունները ցույց տվեցին, որ դեռ շատ հեռու ենք թաղային եւ քրեական հեղինակությունների վերահսկողությամբ անցկացվող ընտրություններից ձերբազատվելուց: Այսինքն` դեռեւս այն մակարդակի վրա ենք, որ մեզանում առանց զոհի ընտրություն անելը չարյաց փոքրագույնն է համարվում»:

«Չորրորդ իշխանություն»-ը մեջբերում է Արաբկիրում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Զոյա Թադեւոսյանի խոսքերը. - «Այսօր ես կուզենայի սեղմել հաղթող թեկնածուի ձեռքը, սակայն այդ ձեռքը արյունոտ է»:

«Երիցյանը հաղթեց հայկական ձեւով», - գրում է «Առավոտ»-ը: Նկարագրելով քվեարկության օրը տեղի ունեցած դանակահարության միջադեպը` թերթը հեգնում է. - «Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բնականաբար, գրանցեց Ալբերտ Երիցյանի համոզիչ հաղթանակը»:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Հանրապետականում որոշվել է սկանդալի չգնալ. - «Տիգրան Թորոսյանի դեմ անվստահության պրոցես չի սկսվի: Պարզապես նա հրաժարական կտա Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, սակայն այլ պաշտոնի առաջարկ չի ընդունի: Դատելով ամեն ինչից, Տիգրան Թորոսյանը նեղացած է իր հանդեպ Հանրապետականի ցուցաբերած այս դժգոհությունից… Թորոսյանը այդպես էլ չասաց, թե որոնք են եղել այն հիմնավորումները, որ ՀՀԿ-ի գործկոմում ներկայացրել են իր պաշտոնանկության համար»: «Ազգային ժողովը լավ է աշխատել, բայց դա կապ չունի», - գնահատում է «Ազգ»-ը: - «Իսկ կուսակցությունն այս որոշումը կայացրել է գոնե հրապարակայնորեն չհիմնավորելով «աննպատակահարմար» բառը»:

«Ակնկալո՞ւմ եք, որ Տիգրան Թորոսյանը ինքը հրաժարական կտա, ի՞նչ կլինի, եթե դա տեղի չունենա». «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Սա այն պահը չէ, որ ակնկալիքներով առաջնորդվենք. կուսակցությունը քայլ է կատարել, եւ, կարծում եմ, հետագա քայլերի համար էլ կուսակցությունը որոշումներ կկայացնի: Չեմ կարծում, թե կուսակցության որոշումը պիտի Տիգրան Թորոսյանի անձի կամ նրա աշխատանքի հետ կապել: Կուսակցությունը այսօր ինձ տեսնում է պատգամավոր, վաղը կարող է տեսնել գյուղապետ»:

«Հայք»-ը գրում է. - «Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունները իրենք են աննպատակահարմար համարում իրենց իսկ առաջադրած թեկնածուին: Չգիտես ինչու նախորդ տարվա գարնանը, երբ Հանրապետականն առաջադրում էր Տիգրան Թորոսյանի թեկնածությունը, վերջինս նպատակահարմար էր համարվում բոլոր առումներով: Այս ողջ ընթացքում որեւէ բան չի փոխվել Թորոսյանի աշխատաոճում, քաղաքական հայացքներում, բայց քանի որ շտապ պետք է Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովի նախագահ դարձնել, ուրեմն իշխող «կոճակային մեծամասնության» համար Թորոսյանը դարձել է աննպատակահարմար… Այս ծրագրի իրական ճարտարապետները երկուսն են` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանին դարձնելով Ազգային ժողովի նախագահ, նրանք նպատակ ունեն պարտադրել Ազգային ժողովին անվստահություն հայտնել Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ վարչապետի պաշտոնում առաջադրել Քոչարյանի թեկնածությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG