Մատչելիության հղումներ

Ալբերտ Երիցյանը հերքում է իր որդու առնչությունը երեկ տեղի ունեցած միջադեպին


Արաբկիր համայնքում երեկվա քվեարկության նախնական արդյունքներով հաղթած թեկնածուն` Ալբերտ Երիցյանը այսօր կտրականապես հերքեց, թե իր որդին որեւէ առնչություն ունի Թբիլիսյան խճուղի, թիվ 7 հասցեում երեկ առավոտյան տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով դանակահարվել ու հիվանդանոց է տեղափոխվել մյուս թեկնածուներից Հովհաննես Շահինյանի նախընտրական շտաբի ակտիվիստ Մհեր Քերոբյանը:

«Տղայիս հետ կապված` նման բան չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Քերոբյանին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է Արաբկիրի ոստիկանությունը:

Արաբկիրի փոխոստիկանապետ Հայրապետ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Ռոբերտ Երիցյանի (Ալբերտ Երիցյանի որդու) մասնակցության մասին իրեն ոչինչ հայտնի չէ:

Վարդանյանի խոսքով, ասյօր առավոտյան բաժին են ներկայացել երկու քաղաքացի. - «Ուրեմն էդ կատարողներն էկել են, ներկայացել են մեղայականով»:

Ավելի ուշ Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդեց, որ Արաբկիրի բաժին են ներկայացել 1977 թվականին ծնված Ս. Սերոբյանը եւ 1968 թվականին ծնված Տ. Թադեւոսյանը, ովքեր հայտնել են, թե սեպտեմբերի 7-ին ժամը 9:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտ «ընտրողների իրավունքներին բռնանալու առիթով» վիճաբանել են Մհեր Քերոբյանի հետ, ծեծել միմյանց, ինչի հետեւանքով երկուստեք ստացել են մարմնական վնասվածքներ»:

Մհեր Քերոբյանը այժմ գտնվում է «Էրեբունի» բժշակական կենտրոնում: Բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քերոբյանը բժիշկներին եւ ոստիկաններին ասել է, թե կատարվածի մասին ոչինչ չի հիշում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG