Մատչելիության հղումներ

Հրապարակվել են Երեւանի մի քանի համայնքներում երեկ կայացած ընտրությունների նախնական արդյունքները


Անցած կիրակի Երեւանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ: Ըստ նախնական արդյունքների, որոնք այսօր հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վերընտրվել է Արայիկ Քոթանջյանը, Արաբկիրում ընտրվել է Ալբերտ Երիցյանը, Նուբարաշենում` միակ թեկնածու Մհեր Հովհաննիսյանը, Էրեբունիում` Արմեն Հարությունյանը:

Արաբկիրի գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով Երիցյանից պակաս է ստացել ավելի քան 9 հազար քվե, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նպատակահարմար չի գտնում բողոքարկել ընտրության արդյունքները:

Պարտված մյուս թեկնածուն` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Զոյա Թադեւոսյանը, ում օգտին քվեարկել են համայնքնի 32 հազարից ավելի ընտրողներից 5608-ը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Կարծում եմ, մեր համայնքում հենց այդքան մարդ է մտահոգ իր ապագայով»:

Թադեւոսյանը երեկվա քվեարկությունը որակեց որպես «բանդիտիզմ»` հավելելով. - «Ես կարծում եմ, որ եթե նման իրավիճակ է լինում, ուղղակի պետք է ընտրություններն անվավեր ճանաչել»:

Այդուհանդերձ, Զոյա Թադեւոսյանը նույնպես չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները:

«Ինչո՞ւ պետք է բողոքարկեմ. թող հասարակությունը լինի այնտեղ, որտեղ ուզում է», - փաստարկեց նա:

Մինչդեռ, Քանաքեռ - Զեյթուն համայնքում թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանը, ով գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանից մոտ 4 հազար ձայն պակաս է ստացել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու է քվեարկության արդյունքները:

«Մոտ 3400 անճշտություններ կան, եւ խայտառակ կեղծիքներ են տեղի ունեցել», - ասաց նա` հավելելով, որ դիմելու են նաեւ դատախազություն, քանի որ «լուրջ հետքեր են տեսնում մարդկանց քրեական պատասխանատվության կանչելու համար»:

Գասպարյանի խոսքով, իր վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների աշխատանքներին փորձել է միջամտել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վանուշ Զեյնալյանը: Վերջինս, սակայն, «Ազատություն» ռադիոակայանի հետ զրույցում կտրականապես հերքեց դա:

«Ես ընդհակառակը, իրենք, երբ խոչընդոտում էին հանձնաժողովի աշխատանքները, փորձել եմ կարգի հրավիրել», - ասաց Զեյնալյանը:

Արաբկիր համայնքում քվեարկության օրը սկսվել է միջադեպով. Թբիլիսյան խճուղի, թիվ 7 հասցեում, ականատեսների վկայությամբ, ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետի թեկնածուներ Հովհաննես Շահինյանի եւ Ալբերտ Երիցյանի կողմնակիցների միջեւ: Շահինյանի նախընտրական շտաբի ակտիվիստ Մհեր Քերոբյանը դանակահարվել է:

«Հովհաննես Շահինյանի համակիրները, կար նաեւ վստահված անձ, շենքի բակում կանգնած էին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց ականատեսներից մեկը: - «Շենքի բակ ներխուժեցին 3-4 թանկարժեք մեքենաներ, մեքենաներից իջան սափրագլուխ, պարապած տղաներ ու հանձարկվեցին շենքի բակի տղաների վրա… Դանակահարություն… Ոտքն են վնասում, թոքն են վնասում այդ Մհերի… Նույնիսկ զենք կար այդ տղաների կողքից կախված: Նույնիսկ զենքի պոչով էին խփում նաեւ»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պրոֆեսոր-խորհրդատու Արտակ Հովհաննիսյանի խոսքով, Քերոբյանը իրենց մոտ է հասցվել «ազդրի եւ որովայնի մասերում կտրած-ծակած վերքերով, գանգուղեղի վնասվածքով եւ կողոսկրերի կոտրվածներով»:


Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG