Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «արտառոց իրադարձություն» որակեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երեւան:

«Հուսով եմ եւ կարծում եմ, որ փոփոխություններ կլինեն, ի վերջո, ամեն օր չէ, որ Թուրքիայի նախագահը Հայաստան է գալիս: Սա նրա առաջին այցն է, եւ սպասելիքներն արդարացիորեն մեծ են», - ասաց Եվրամիության հատուկ հանձնակատարը:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Թուրքիայի նախագահի այցը տարածաշրջանում փոփոխությունների պատճառ դառնալ, Սեմնեբին արձագանքեց. - «Եթե հայ - թուրքական հարաբերություններում բեկում արձանագրվի, եթե այս այցը նպաստի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, բնականաբար, այն որոշակի ազդեցություն կունենա նաեւ ամբողջ տարածաշրջանի վրա»:

«Մի շարք գործոններ կան, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի ողջ ներուժով զարգացմանը, կայունության եւ անվտանգության ապահովմանը: Իսկ ամենակարեւոր գործոններից մեկն էլ առանձին պետությունների միջեւ առկա բարդ հարաբերություններն են. խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստան - Թուրքիա եւ Վրաստան - Ռուսաստան հարաբերություններին», - նշեց Եվրամիության հատուկ հանձնակատարը:

Սեմնեբիի մեկնաբանությամբ` եթե Գյուլի այցը նպաստի հայ - թուրքական հարաբերությունների դրական զարգացմանը, ապա, անկասկած, այն դրական ազդեցություն կունենա նաեւ Թուրքիա - Եվրամիություն հարաբերությունների վրա:

«Եվրամիության շահերից է բխում, որպեսզի մեր հարեւանները բարիդրացիական հարաբերություններ ունենան միմյանց հետ: Իսկ Թուրքիան եւ Հայաստանը մեզ համար կարեւոր գործընկերներ են», - ընդգծեց Եվրամիության հատուկ հանձնակատարը:

Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցության եւ կայունության պլատֆորմի ստեղծման գաղափարին, որն առաջարկել է Թուրքիան վրաց - օսական հակամարտության գոտում պատերազմական գործողությունների սկսվելուց հետո, Փիթեր Սեմնեբին ասաց. - «Գաղափարն, իհարկե, հետաքրքիր է, թեեւ շատ բան չգիտենք, թե ինչ բովանդակություն կունենա նախաձեռնությունը: Բայց եթե հաջողվի կարգավորել հայ - թուրքական եւ ռուս - վրացական հարաբերությունները, ապա, կարծում եմ, այն դրական ազդեցություն կունենա, բացի այդ` կնպաստի տարածաշրջանում Եվրամիության գործողությունների ակտիվացմանը»:

Եվրամիության հատուկ հանձնակատարը այսօր առավոտյան է ժամանել Երեւան, ինչի առիթով նշեց. - «Ես ուզում էի այստեղ լինել հենց այս առիթով, որովհետեւ Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղը ու նաեւ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան իսկապես պատմական իրադարձություններ են: Եվ այդ հանգամանքն էլ որոշակի դերակատարություն ունեցել է այսօրվա իմ այցելությունը ծրագրելիս: Թեեւ այսպես թե այնպես նախատեսում էի մոտ ժամանակներում այցելել տարածաշրջան»:

Օգոստոսի 24-ի այցից հետո ծրագրված էին Եվրամիության հատուկ հանձնակատարի հանդիպումները Հայաստանի իշխանությունների հետ, իսկ Թուրքիայի նախագահի հետ պաշտոնական հանդիպում, ըստ Սեմնեբիի, ծրագրված չէ: Երեւանում գտնվելու մի քանի ժամը նա մտադիր է ամբողջությամբ տրամադրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ու ֆուտբոլային խաղը դիտելուն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG