Մատչելիության հղումներ

Այսօր Երեւանի ժամանակով ժամը 16:40-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի օդանավը: Նախագահը օդանավից իջավ մոտ 10 րոպե անց:

Օդանավակայանում Գյուլին դիմավորեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Միմյանց ջերմորեն ողջունելուց հետո նրանք նստեցին իրենց սպասող ավտոմեքենաները եւ ուղղվեցին դեպի քաղաք: Գյուլին տեղափոխում էր թուրքական պետհամարանիշով «Մերսեդես» ավտոմեքենան, որին ուղեկցում էին անվտանգության աշխատակիցները:

Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնած բողոքի ցույցի մասնակիցները կանգնած էին «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւան տանող մայրուղու երկայնքով` «Ո'չ ցեղասպանությանը», «Ընդունի'ր ճշմարտությունը» եւ այլ, այդ թվում` անգլերեն կարգախոսներով պաստառներով:

Դաշնակցականների գլխավոր ակցիան նախատեսվում էր Բաղրամյան պողոտայում, որտեղ պետք է կենդանի շղթա կազմվեր, եւ այդ կերպ ակցիայի մասնակիցները պետք է իրենց բողոքի ձայնը հասցնեին Թուրքիայի նախագահին:

Սակայն Աբդուլա Գյուլը եւ նրան ուղեկցող հայ պաշտոնյաները օդանավակայանից անմիջապես նախագահական նստավայր չժամանեցին: Այս հանգամանքը հարուցեց ցույցի մասնակիցների վրդովմունքը, ինչի արդյունքում նրանք մայթերից դուրս եկան Բաղրամյան պողոտա եւ գրեթե փակել էին ճանապարհը: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին ակցիայի մասնակիցներին ետ մղել, Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը դիմադրում էր:

«Եթե ուզում եք ձերբակալել, խնդրեմ, դա ձեր իրավունքն է», - ասաց Հովհաննիսյանը, իսկ ոստիկանների` հետ գնալու պահանջին այսպես հակադարձեց. - «Այ այդպես հետ-հետ եք գնացել, որ Արեւմտյան Հայաստանը մնացել է իրենց»:

«Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման մերժումը մեր ժողովրդի զայրույթի առարկան է, եւ մենք այդ զայրույթը հիմա արտահայտում ենք: Բացի այդ, Հայաստանը պահում են շրջափակման մեջ, անթաքույց կողմ են դարձել ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ եւ, փաստորեն, անաչառ չեն, եւ այս պայմաններում փորձում են ռեգիոնում խաղաղարարի դեր տանել, հաշտարարի դեր տանել, որը հասկանալի չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վահան Հովհաննիսյանը` հավելելով. - «Մինչեւ Թուրքիան ցեղասպանությունը չճանաչի եւ Հայաստանի շրջափակումը չհանի, նա չի կարող լինել այստեղ անաչառ եւ անկողմնակալ միջնորդ որեւէ ռեգիոնալ կոնֆլիկտի մեջ կամ հարց լուծելու մեջ»:

«Իսկ ընդունո՞ւմ եք այն մեղադրանքները, որ ձեր հասցեին հնչեցվում է, որ լինելով կոալիցիայի մեջ` դուք, փաստորեն, ակցիա եք կազմակերպում Գյուլի այցի դեմ, Գյուլի դեմ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Դաշնակցության բյուրոյի անդամը պատասխանեց. - «Մենք նախագահի հրավերի դեմ ոչ մի բան չենք ասում: Նա հրավիրել է մարդուն ֆուտբոլի, եւ Ալփարսլանից հետո` 11-րդ դարից հետո, սա առաջին թուրք առաջնորդն է, որ Հայաստան է մտնում որպես հյուր, այլ ոչ թե որպես նվաճող, զավթիչ կամ ջարդարար, իսկ մենք հյուրին հյուրի պես ենք ընդունում»:

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ցույցին մասնակցում էր նաեւ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ, փաստորեն, իրենց խաբել են, քանի որ նախապես իրենք պայմանավորվել էին, որ Գյուլը անմիջապես կգա նախագահի նստավայր, իրենք մայթերի վրա կենդանի շղթա կկազմեն, մինչդեռ Գյուլին այլ ուղղությամբ են տարել:

«Ավելորդ ճարպկություն են արել», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը: - «Անիմաստ զգուշություն»:

Ի վերջո, Աբդուլա Գյուլը ժամանեց նախագահական նստավայր: Բաղրամյան պողոտայի վրա հավաքված դաշնակցականները Թուրքիայի նախագահին դիմավորեցին սուլոցներով եւ «Ճանաչում» վանկարկելով:

Քիչ հետո Դաշնակցության ակցիայի մասնակիցները հեռացան Բաղրամյան պողոտայից:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, երկու երկրների նախագահների հանդիպումը անցել է արտգործնախարարների մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը` հրավերն ընդունելու համար, եւ նշել, որ հարեւան պետությունների միջեւ ուղղակի շփումները հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն են:

Թուրքիայի նախագահը, իր հերթին, Հայաստանի նախագահին հրավիրել է Ստամբուլ` միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը:

Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները խոսել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ:

Նշելով, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման լայն հնարավորություններ են բացվում, նրանք շեշտել են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը` պատասխանատվություն ստանձնելու եւ ձեռնամուխ լինելու առկա խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ վստահության մթնոլորտի ստեղծմանը: Աբդուլա Գյուլի խոսքով, իրեն Հայաստան հրավիրելով` նախագահ Սարգսյանը կատարել է առաջին քայլը, հրավերն իր կողմից ընդունվել է` այն վերածելով համատեղ նախաձեռնության, որը օրինակելի կարող է լինել ողջ տարածաշրջանի համար:

Սերժ Սարգսյանն ասել է, որ երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը: «Մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները եւ դրանց ծանրությունը չթողնել հետագա սերունդների վրա», - ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը քննարկել են նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Հայաստանը մշտապես ողջունում է երկխոսությանը եւ տարածաշրջանում վստահության ամրապնդման, անվտանգության եւ համագործակցության կողմնակից է, Սերժ Սարգսյանը թուրքական նախաձեռնությունը համարել է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ:

Նախագահներն արձանագրել են, որ այս հանդիպումը լուրջ ազդակ է երկխոսության հետագա շարունակման համար եւ արտգործնախարարների համար պետք է դառնա գործողությունների ուղեցույց:

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլա Գյուլը ուղեւորվել են «Հրազդան» մարզադաշտ` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը:

Դաշնակցության ակցիայի մասնակիցները մտադիր են խաղի ամբողջ ընթացքում ջահերով մնալ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG