Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Թուրքիայի նախագահին հրավիրելու որոշումը դժվարին էր, բայց անհրաժեշտ»


Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին եւ հայ - թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է հակամարտությունները բռնի ուժով լուծելու վտանգավորությունն ու անհեռանկարայնությունը:

Ըստ նախագահի, Հայաստանն ակնկալում է համապատասխան միջազգային կառույցների արձագանքը տարածաշրջանի որոշ երկրների կողմից ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման եւ պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:

Գորան Լենմարկերի խոսքերով` տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտությունները ռազմական ճանապարհով չեն կարող կարգավորվել, իրական լուծման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում եւ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: «Անկասկած, այն հեշտ որոշում չէր` հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրներն ու զգացմունքները, բայց Դուք հանդես բերեցիք ողջախոհություն եւ հզոր քայլ կատարեցիք», - շեշտել է Լենմարկերը:

Նշելով, որ այն դժվարին, բայց անհրաժեշտ որոշում էր, Սերժ Սարգսյանն ասել է, որ ցանկացած խնդիր պետք է լուծել խոսելու, բանակցելու միջոցով: «Ես պատրանքներ չունեմ, թե կարճ ժամանակահատվածում բոլոր հարցերը կկարգավորվեն, բայց ճիշտ եմ համարում գործընթացը սկսելը», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

Գորան Լենմարկերին այսօր ընդունել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան բանակցային գործընթացին, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG