Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացները կարագացվեն Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո «կարագացվեն Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացները»:

Ավելի կոնկրետ ժամկետներին վերաբերող հարցին Լենմարկերը արձագանքեց. - «Ես գուշակ կլինեի, եթե պատասխանեի: Ես ընդամենը քաղաքական գործիչ եմ: Սակայն ես գիտեմ, որ գործընթացը պետք է արագ կարգավորվի, մենք չպետք է մոռանանք, որ շատ մարդիկ են այդ իրավիճակից տուժում»:

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գորան Լենմարկերը ասաց. - «Առաջինն այն է, որ պետք է դիտորդներ ունենալ տեղում, որովհետեւ կան հայտարարություններ, որ էթնիկ զտումներ են եղել, պետք է դիտորդները պարզեն` դա համապատասպանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Մյուս հարցը վերաբերում է պատերազմի պատճառներին»:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչը երեկ Ազգային ժողովում հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Վահան Հովհաննիսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:

Ըստ հանդիպումներին մասնակցած պատգամավորների, քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Աբդուլա Գյուլի` Հայաստան կատարելիք այցը:

Ըստ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ Լենմարկերը եւս մեկ անգամ ընդգծել է, որ վրաց-օսեթական պատերազմը վկայեց, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող կարգավորվել, պետք է լինի խաղաղ լուծում` կողմերի փոխհամաձայնությամբ:

Գորան Լենմարկերը բարձր է գնահատել Հայաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում եւ հավաստել է հայ - թուրքական հարաբերություններում առաջընթացի իր ակնկալիքը` երկու երկրների ?ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով Թուրքիայի նախագահի առաջին անգամ Հայաստան կատարելիք այցից:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG