Մատչելիության հղումներ

Գիտական հասարակայնությունը նշում է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը


Հաջորդ շաբաթ մեկնարկում են հայ ականավոր գիտնական, աստղագետ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչեւ ամսվա վերջ:

Կառավարական հանձնաժողովի կազմակերպած հանդիսավոր միջոցառումների շարքը կսկսվի սեպտեմբերի 10-ին Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի նիստով, որին կհաջորդեն Ակադեմիայի ընդհանուր ժողովը, միջազգային գիտաժողովներ, այլ միջոցառումներ:

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 18-ին, Բյուրականում տեղի կունենա նրա կիսանդրու բացումը, այցելություն գիտնականի շիրիմին: Իսկ հաջորդ օրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված է Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հանդիսավոր նիստ:

Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունից հայտնում են նաեւ, որ սահմանվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ, թողարկվել է Վիկտոր Համբարձումյանի կիսադեմով արծաթե հուշադրամ՝ 14500 դրամ անվանական արժեքով, հրատարակվելու է ժողովածու՝ Վիկտոր Համբարձումյանի գործընկերների ու աշակերտների հիշողություններով, Երեւանում նախատեսվում է բացել գիտնականի հուշարձանը, պատրաստվում են նրա գործունեության մասին պատմող տեսասկավառակ եւ էլեկտրոնային կայք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG