Մատչելիության հղումներ

Հրկիզվել է Քանաքեռ-Զեյթունի համայնքապետի թեկնածուի շտաբը


Անցած գիշեր հրկիզվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը: Թեկնածուն միջադեպը կապում է համայնքում առաջիկայում տեղի ունենալիք համայնքապետի ընտրությունների հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուել Գասպարյանը, կոտրել են շտաբի դռան ապակին ու ներս են նետել դյուրավառ հեղուկով շիշ:

Գասպարյանի խոսքով, ինքն ու իր նախընտրական շտաբի աշխատակիցները շտաբից հեռացել են ուշ գիշերը` ժամը 3-ին, իսկ առավոտյան 9-ին իրեն հայտնել են, որ հրդեհ է եղել. - «Եկանք, տեսանք, որ բենզինի շիշ է նետած, ու ամբողջ շենքի ներսում մուր է պատերով, պլակատներ են այրվել»:

«Այս պահին աշխատում են փորձագետները: Արաբկիրի ոստիկանությունը, Ազգային անվտանգությունն էլ է ներկայացել», - ասաց նա` հավելելով. - «Սա համայնքի ընտրությունների պատճառով է: Ուրիշ մենք թշնամիներ չունենք: Պառճառը թեժ, լարված ընտրություններն են»:

Քանաքեռ -Զեյթուն համայնքում թաղապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 7-ին: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Մանուել Գասպարյանը, (ով վայելում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության աջակցությունը), գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն) եւ անկուսակցական Վարուժան Մկրտչյանը:

Մանուել Գասպարյանի խոսքով, սրանից առաջ էլ եղել են իր քարոզարշավը խանգարելու փորձեր, անգամ` ներխուժել են իր ենթաշտաբերից մեկը, հայհոյել եւ պատռել պաստառները. - «Թույլ մարդու կատարած քայլերով ճնշումներ եղել են, բայց դա բացարձակապես ինձ չի ճնշում»:

Հարցին, թե մյուս երկու թեկնածուներից ում նկատի ունի, Գասպարյանը պատասխանեց. - «Իհարկե համայնքի գործող ղեկավարին, որովհետեւ այսօր պայքարը գնում է երկուսիս միջեւ»:



Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG